News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը խայտառակ վիճակում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Հենց հիմա ահազանգեր ենք ստանում, որ Վանաձորի ոստիկանության աշխատակիցներն օրվա ընթացքում ըստ իրենց ցուցակի քաղաքացիներին տարբեր մտացածին պատճառաբանություններով կանչել են ոստիկանություն, այսպես ասած զրույցներ ունենալու, հորդորելու, որ չգնան Երեւան եւ չմասնակցեն Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիային: Սա ակնհայտորեն հանդիսանում է քաղաքացիների կամքի, կարծիքի ազատ արտահայտմանը, ազատ տեղաշարժին կոպտորեն խոչընդոտող գործողություններ, եւ սա իրական այն պատկերն է, թե ինչպիսին է  Հայաստանի իրավապահ մարմինների, իշխանությունների վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ: Անիմաստ է այսքանից հետո խոսել որեւէ փոփոխության մասին, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանության օրը մարդու իրավունքների խախտումներ են կատարվում ակնհայտ ցինիկ ձեւով»,- ասաց նա:

Իրավապաշտպանի կարծիքով, ոլորտը կարող է բարեփոխվել միայն, եթե քաղաքացիները հետամուտ լինեն, չհարմարվեն եւ պայքարեն իրենց իրավունքների մասին: Անդրադառնալով իշխանությունների կողմից քաղբանտարկյալների առկայությունը հերքող պնդումներին` Սաքունցը նշեց, որ Հայաստանում այսօր ակնհայտ քաղաքական հետապնդման են ենթարկվում առնվազն 26 քաղաքացի` բացի Շանթ Հարությունյանից եւ ընկերներից:

Հարցին` ինչպես է գնահատում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատանքը, իրավապաշտպանը պատասխանեց. «Օմբուդսմենը քաղաքական զգայուն թեմաների ժամանակ ավելի զուսպ է եւ հետեւողական եւ սկզբունքային չէ, մասնավորապես քաղաքական հետապնդումների եւ քաղաքական բանտարկյալների հետ կապված հարցերով»:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ