«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեռեւս չեն որոշել, թե խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք միասնական կուսակցության նախագահն ով է լինելու: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, երեք ուժերի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասացին երեք կուսակցությունների նախագահները:
Եվ Էդմոն Մարուքյանը, եւ Սասուն Միքայելյանը, եւ Արամ Սարգսյանն ընդգծեցին, որ իրենց համար կարեւորն այն է, որ միասին կարողանան փոփոխություններ բերել այս երկրում:
«Ոչ մեկիս ուշքը չի գնում` միասնական կուսակցության նախագահ դառնալու համար: Կարող ա` մեր երեքից մեկը չլինի, ուրիշը լինի, կամ ասենք, ուրիշ կուսակցություններ միանան, իրենցից մեկը լինի»,- ասաց Սասուն Միքայելյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է:
Նշենք, որ երեք կուսակցությունները պատրաստվում են միասնական դաշինքով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որից հետո արդեն չի բացառվում` մեկ միասնական կուսակցություն ստեղծեն:





























