News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամնիստիայի թեման շատ շահավետ է ձայներ գրավելու համար, բայց դրա իրականացման գործընթացը մի  շարք նրբությունների հետ է կապված։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հարցադրմանը, թե հարյուրավոր մարդիկ տարեվերջին սպասում են համաներում իրականացնելու հարցի վերջնական պատասխանին։

«Թեեւ ամնիստիայի թեման շատ շահավետ է ձայներ գրավելու համար, բայց դրա իրականացման գործընթացը մի  շարք նրբությունների հետ է կապված եւ դրա մասին նախապես հայտարարումը իրականում ոչ լեգիտիմ պրակտիկա կլիներ, որովհետեւ կան բազմաթիվ խնդիրներ»,-պատասխանել է Վիգեն Սարգսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է նաեւ զինծառայությունից խուսափած եւ արտերկրում գտնվող 27 տարեկան հարյուրավոր երիտասարդների ճակատագրով։ Արամ Մանուկյանն առաջարկել է, որ ամանորին ընդառաջ հնարավորություն տալ նրանց վերադառնալ Հայաստան իրենց ընտանիքների հետ նշել Նոր տարին։ Մանուկյանը շեշտել է, որ նրանք պոտենցիալ զինվորներ ու ծնողներ են։  Պաշտպանության նախարարը պատգամավորի մտահոգություններին արձագանքել է, թե  ծառայությունից խուսափելու նպատակով երկար տարիներ արտերկրում գտնվող մարդկանց համար «մի տարի այս կողմ, մի տարի այն կողմ» նրանց կյանքում բան չի փոխելու։

«Մենք ունենում ենք մի քանի հարյուր դիմում նախկինում չծառայածներից, եթե չեմ սխալվում տարեկան 650 դիմում։ Այս պահին չեմ կարծում, որ շատ ստվար զանգված կա մարդկանց, որ ուզում է ու չի կարող օգտվել այդ օրենքի հնարավորությունից։ Չեմ կարծում, որ այն հրատապ կամ առաջնային է, որովհետեւ իրականում խոսքը մեր զինվորներին փրկելու մասին չէ, մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք որոշում են կայացրել խուսափել զինվորական ծառայությունից, եթե մինչեւ 27 տարի դա խղճով արել են, մի նոր տարի այս կողմ այն կողմ, կարծում եմ՝ բան չի փոխում իրենց կյանքում»,-ասել է վիգեն Սարգսյանը։

Ի դեպ,  պաշտպանության ՀՀԿ-ական նախարարը ընդդիմադիր պատգամավորին խայթել է նաեւ այլ հարցում։ Երբ Արամ Մանուկյանը հայտնել է, որ  զինծառայողների  ընտանիքների  աջակցության համար նախատեսված, այսպես ասած, «1000 դրամի» նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առկա է միանշանակ բացասական կարծիք, Վիգեն Սարգսյանը  հակադարձել է․ «Ես  կարծում եմ, որ Հայաստանում շուտվանից չկա որեւէ հարց, որի շուրջ 100 տոկոս  միակարծություն  լինի, եթե դուք շփվում եք մի օղակի հետ, որտեղ ամեն ինչի հետ համաձայն են, դա մտահոգիչ է»։

Տպել
Ամենաշատ