News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


1000 դրամները իշխանությանը չենք տալիս, տալիս ենք զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովում  հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «1000 դրամի» նախագծին։

«Այս քննարկվող նախագծով շանս ենք ստանում սկսել պրոբլեմի ինստիտուցիոնալ լուծումը, որը հայրենիքի համար զոհված կամ հաշմանդամ դարձած անձաց երեխաներին կազատի սոցապի ընդունարանի կամ օլիգարխների դռների մոտ անցկացնելուց։ Իշխանությունը կոռումպացված ու թալանչի է, այստեղ գոնե ինձ համար որեւէ բանավեճ չկա, եթե այս օրենքը չընդունվի, իշխանությունը դադարում է թալանչի լինե՞լ։ Այսինքն՝ զոհված զինծառայողի ուսման վարձ վճարել չկարողացավ երեխաներին ինչ ենք ասում, ասում ենք՝ բալիկ ջան քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունեցել ու զոհվել է հայրենիքի համար, ուրեմն գնա օլիգարխի գովազդային կլիպներում մանեկենություն արա ու գերատեսչությունների, բարեգործների դռների տակ կանգնի, մինչեւ կանենք իշխանափոխություն Հայաստանում, ինչպես ամեն տարի գարուն ձմեռ եւ այլն։ 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, մենք տալիս ենք զինծառայողների ընտանիքներին»,-հայտարարել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթը հունից հանեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, վերջինս ընդհատեց Փաշինյանին՝ տեղից բղավելով, թե այդպես չի կարելի հիմնավորել։  Շարմազանովի միջամտությունից հետո միայն Փոստանջյանը լռեց, որից հետո Փաշինյանը շարունակեց․

«Հարգելի Զարուհի, ինչու եմ այդպես ասում, կոպիտ նախադասություն եմ ասում, բայց փաստ։ Մարդը զոհվել է, թե՞ չէ, առաջին կարգի հաշմանդամ դարձել է, թե՞ ոչ, հիմա որ մարդը զոհվել է, այդ ընտանիքը 10 միլիոն միանվագը ստացե՞լ է, թե՞ ոչ․․․․Այս օրենքը բանակի մարտունակությունը բարձրացնում է։ Ես կողմ եմ քվեարկելու եւ չկա ուժ, որ ինձ ստիպի հակառակն անել։  Մեր բանակը կարեկցանքի բարեգործության օբյեկտ չի»։

Նիկոլ Փաշինայնի ելույթն արժանացավ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հիացմունքին, որը ելույթից հետո արձագանքեց․ «Ապրես, պարոն Փաշինյան»։

Տպել
Ամենաշատ