News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երկարատեւ հիվանդությունից հետո դեկտեմբերի 13-ին մահացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Կեսօրին տեղեկություն տարածվեց, որ 56-ամյա նախարարը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, իսկ մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նա վախճանվել է։ Մինչեւ նախարար դառնալը՝ Երիցյանը ոստիկանության պետի առաջին տեղակալ էր, իսկ 2010թ-ին արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո մի քանի անգամ վերանշանակվել է այդ պաշտոնում։ Ոստիկանության գեներալ- մայորն ամուսնացած էր, երկու երեխաների հայր։

Դեկտեմբերի 14-ին Հայաստանը հայտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Գրեթե բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորում է մարզեր մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Ազգային ժողովում այսօր հայրենասիրության, էքսպրեսիվ ելույթների եւ «ջան- ջիգյարի» մրցույթ էր, կանանց հանդեպ վիրավորանքների տարափով։ Թեման այսպես կոչված «1000 դրամների» նախագիծն էր, որի շուրջ քննարկումներն ավելի բուռն էին, քան առաջին ընթերցման ժամանակ։ Հրանտ Բագրատյանն առաջարկեց մտածել ոչ միայն զոհված զինվորների, այլեւ ողջերի մասին, նրանց նույնպես նյութական օժանդակություն է հարկավոր։ Բագրատյանը պնդեց՝ ինքը ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այժմ էլ դեմ է օրինագծին, իսկ իրեն քննադատողներին պատասխանեց։

Նույն խմբակցությունից Արամ Մանուկյանը, օգտվելով Վիգեն Սարգսյանի ներկայությունից, թեմային չառնչվող հարց բարձրացրեց՝ առաջարկելով, որ զինծառայությունից խուսափած եւ արտերկրում գտնվող 27 տարեկան երիտասարդներին թույլ տան գոնե Ամանորին Հայաստան վերադառնալ եւ իրենց ընտանիքների հետ նշել Նոր տարին։ Պաշտպանության նախարարը խայթեց՝ իրականում երիտասարդների ճակատագիրը չէ, որ մտահոգում է պատգամավորին։

Ամանորի թեման իր ելույթում շոշափեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, որն օրենքը պաշտպանող ջերմեռանդ ելույթ ունեցավ։ Փաշինյանը դեմ չէ, որ իշխանությունները կոռումպացված են, սակայն չի հասկանում, թե ինչու պետք է իշխանությունների հանդեպ անվստահությունից տուժեն զոհված զինծառայողների ընտանիքները։ Ընդդիմադիր պատգամավորի աջակցությունն օրենքին հունից հանեց մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի։ Զարուհի Փոստանջյանը տեղից բարձրացավ եւ ձայնը բարձրացրեց։ Փաշինյանին օգնության հասավ Էդուարդ Շարմազանովը։ Ընդհանրապես Շարմազանովն իրեն այսօր տարօրինակ էր պահում։ Փաշինյանի հետ «ջան»-ով էր խոսում, վերջում էլ շնորհակալություն հայտնեց։

Զարուհի Փոստանջյանն ավելի էմոցիոնալ էր, երբ կանգնեց ամբիոնի մոտ։ Պատգամավորի համար կասկածելի է, որ ապրիլյան պատերազմի պատասխանատուներին դեռ չպատժած՝ իշխանությունները պատրաստվում են երկրորդ պատերազմին։ Փոստանջյանի ելույթի ավարտին կրքերը հասան գագաթնակետին, գենդերային երանգներ ստացան։

Հովհաննես Մարգարյանն այսօր անսովոր պերճախոս էր, գործընկերներին խորհուրդ տվեց ոչ մեկին հայրենասիրության դասեր չտալ եւ «1000 դրամների» մասին նախագիծը քննադատելու փոխարեն զբաղվել հասարակության իրական խնդիրներով։ Գյումրեցի պատգամավորի խոսքով՝ պատգամավորները բանակին օգնելու իրական ուղիներ փնտրելու փոխարեն զբաղված են Սահմանադրությունն անտեղի մեջբերելով։

Եզրափակիչ խոսքում Վիգեն Սարգսյանն առանձին- առանձին անդրադարձավ պատգամավորների ելույթներին, չխոսեց միայն Զարուհի Փոստանջյանի ելույթի մասին եւ բացատրեց՝ ինչու։ Պաշտպանության նախարարը բոլորին կոչ արեց կողմ քվեարկել նախագծին՝ խոստանալով, որ վերջում բոլորը հպարտ են լինելու իրենց ընտրությամբ։

Սահմանին զոհված եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ֆոնդի օգտին աշխատող յուրաքանչյուր քաղաքացուց ամսական 1000 դրամ գանձելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը։

Օրվա «պերսոնա նոն գրատան» Ռուբիկ Հակոբյանն էր։ Պատգամավորը նախապես հայտարարել էր, որ լրագրողներին հրավիրում է ասուլիսի՝  լրագրող Վահե Մակարյանի հետ իր կոնֆլիկտը մեկնաբանելու։ Սակայն  ժպիտը դեմքին ճեպազրույցների սրահ եկած պատգամավորին անակնկալ էր սպասում։ Լրագրողները բոյկոտել էին նրա հետ հանդիպումը՝ ի նշան լրագրողական համերաշխության։ Ավելին, նրանք ցուցադրաբար կանգնել էին սենյակի մոտ եւ այդպես էլ ներս չմտան։ Հիշեցնենք՝ լրագրող Վահե Մակարյանը հայտարարել է, որ Ռուբիկ Հակոբյանը հայհոյել է իրեն եւ հարվածել։  Պատգամավորն այս հայտարարությունը չի հերքել։

Հայտնի է ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի անունը։ Ռեքս Թիլերսոն՝ նավթային հսկաExxonMobil ընկերության ղեկավարը։ Թիլերսոնն արդեն հայտարարել է, որ հեռանալու է բիզնեսից։ Ամերիկյան լրատվամիջոցներն էլ փորփրել են նրա անցյալը եւ որպես առանցքային գործոն ներկայացնում են այն, որ Թիլերսոնը բարեկամական կապեր ունի Վլադիմիր Պուտինի հետ։ Համաշխարհային մամուլն այժմ ակտիվ քննարկում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետագա հարաբերությունները Թրամփից ընտրությունից հետո։ Գաղտնիք չէ, որ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու կողմնակից է, եւ դատելով նրա նախընտրական ելույթներից՝ Պուտինի ջերմեռանդ երկրպագու։

Այսուհետեւ Հայաստանի խանութներում «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությամբ վահանակներն ապօրինի են համարվելու։ Օրենքը փոխվել է եւ այժմ Հայաստանի քաղաքացիները ոչ պարենային ապրանքն իրավունք ունեն 14 օրվա ընթացքում վերադարձնել վաճառողին։ Նախկինում օրենքն ասում էր, որ ապրանքը կարելի է վերադարձնել միայն այն դեպքում, երբ այն անորակ է կամ փչացած, մինչդեռ հիմա ապրանքը վերադարձման ենթակա է նույնիսկ այն դեպքում, երբ գնորդը պարզապես փոշմանել է։

Դոլարի վերելքը վերջապես կանգ է առել։ Դեկտեմբերի 13-ին փոխարժեքը նվազել է եւ կազմել 484 դրամ։ Եվրոն, ռուբլին եւ ֆունտն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 514, 7.94 եւ 615 դրամ։

Դեկտեմբերի 14-ին Հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում է ձյուն։ Երեւանում նույնպես տեղումներ կլինեն։ Գիշերը մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի -1, ցերեկը՝ +2։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ