News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը


Երեւանում դեկտեմբերի 18-ին կկայանա Ստաս Նամինի՝ երաժշտության եւ դրամայի թատրոնի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման պրեմիերան՝ Վիլյամ Սարոյանի համանուն վեպի մոտիվներով: Ներկայացման բեմադրող-ռեժիսոր Ստաս Նամինը ներկայացման նախօրեին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է իր հույզերի, զգացողությունների մասին…

Ստա՛ս, հուզվու՞մ եք պրեմիերայից առաջ: Ի՞նչ ակնկալիքներ եւ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություններ ունեք հայ հանդիսատեսից:

Իհարկե հուզվում եմ: Ինձ համար պատասխանատվություն է հայ հանդիսատեսին ներկայացնել այն ամենը, ինչ մենք ներկայացնում ենք: Ոչ միայն այս ներկայացումը: Ընդհանուր առմամբ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ըմբռնող: Շատ հաճելի է նման հանդիսատեսի հետ աշխատելը:

Ձեր ընտանիքում հաճա՞խ են խոսել Հայաստանի մասին

Իհարկե: Իմ  մայրն առաջին հերթին ինձ հենց այդպես է դաստիարակել: Պապս՝ Անաստաս Միկոյանը, իր թոռներին հայերեն է սովորեցրել: Պապս ռուսերեն շեշտադրված ակցենտով էր խոսում: Նա Ալավերդու Սանահին գյուղի տիպիկ հայ էր եւ այդպես էլ մնաց մինչեւ վերջ: Դա նրան միշտ առանձնացնում էր:

Ինչպիսի՞ն էր  Անաստաս Միկոյանը: Ի՞նչ հարաբերություններ ունեիք դուք:

Շատ լավ հարաբերություններ էին: Նա շատ լավ ու բարի մարդ էր, որը շատ էր սիրում իր ընտանիքը: Պապս միշտ արդար եւ իմաստուն մարդ էր:

Ձեր մանկության ամենավառ տպավորությու՞նը…

Դժվար է ասել: Ես մանկությունս զինվորական կայազորներում եմ անցկացրել հորս հետ՝ Բելառուսում, Ռոս գյուղում, Մուրմանսկում, Ալակուրտայում: Դրանից հետո 7 տարի ծառայել եմ Սուվորովի ռազմական ուսումնարանում… Այդ պատճառով այդքան էլ չեմ հասկանում, թե ինչ մանկության մասին եք խոսում:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ո՛չ միջավայրը, որում մեծացել եք, ո՛չ Սուվորովի ուսումնարանը չազդեցին ստեղծագործ ապագայի ընտրության վրա:

Իմ հարազատներից ոչ ոք երբեք ինձ վրա ճնշում չի գործադրել եւ չի ստիպել ոչինչ անել: Պապս ու ծնողներս ազատ բարքերի տեր մարդիկ էին, ուստի երբեք նպատակաուղղված, արհեստական ձեւով ինչ-որ ուղղությամբ ինձ տանելու փորձ չի եղել: Ինչպես ինձ մոտ ստացվում էր, այդպես էլ ստացվում էր: Իմ հարազատները հանգիստ էին մոտենում նրան, թե ինչպես է ինձ մոտ ստացվում, ինչով էլ որ ես զբաղվեի: Ինչ վերաբերում է Սուվորովի ուսումնարանին, ապա կարծում եմ, որ ինձ վրա առհասարակ ոչինչ չի ազդում… Միայն  ներքին վիճակը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար դա պետք է առաջին տեղում լինի:

Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել Հայաստանը

Այնպիսին, ինչպիսին միշտ էլ եղել է՝ մտավորական, քաղաքակիրթ, կրթված: Ես նրան այդպես եմ հիշում: Ահա մենք նստած ենք Կոմիտասի թանգարանում, եթե դուք նայեք Կոմիտասի ժամանակաշրջանի  հայ մտավորականների լուսանկարներին, կտեսնեք, որ հենց նման մարդիկ են: Ես ուզում եմ, որ հասարակությունը շարժվի հենց այդ ուղղությամբ, հոգեւորի ուղղությամբ…

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news