News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոր տարմա շեմին Հայաստանի մարզասեր հասարակությունը ակտիվ սկսում է քննարկել, ավելի ճիշտ դժգոհել տարվա լավագույն մարզիկ եւ ֆուտբոլի լավագույն մարզիչ քվեարկության արդյունքներից, սակայն, փորձը ցույց է տալիս, որ դա որեւէ արդյունք չի տալիս: Որքան էլ ֆուտոլասերները զայրանան, որ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվում տարվա լավագույն մարզիկների տասնյակում, միեւնույն է, ոչինչ չի փոխվում:

Իհարկե, տարվա լավագույն մարզիկն արժանիորեն Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն է:  Այն պատճառաբանությունները, թե Մխիթարյանի անունը առանձին նշվում է լավագույն ֆուտբոլիստների քվեարկության մեջ, եւ այդ պատճառով նա տասնյակում չէ, տրամաբանական չեն: Նա մարզիկ է եւ վերջ: Փորձը ցույց է տալիս, որ մարզական լրագրողները ունեն իրենց հստակ դիրքորոշումը եւ շատ մարզական կայքեր բոյկոտում են տարվա լավագույն մարզիկի քվեարկությունը:

Այդ պատճառով, իզուր նյարդայնանալ ու տխրել  պետք չէ: Ինչպես ասում էին հայտնի մուլտֆիլմի պինգվինները՝ թափահարենք ձեռքներս ու ժպտանք: Նույն վրդովմունքը լինում է տարվա լավագույն մարզչի քվեարկության ժամանակ: Արդեն քանի տարի է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը համառորեն ապացուցում է մեզ՝ մարզական լրագրողներիս, որ մենք իզուր ենք մասնակցում այս հարցմանը:

Հայաստանի լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի ընտրության քվեարկության մեջ մասնակցում են ՀՖՖ գործոմի անդամները (այս անգամ 12), մարզական լրագրողները եւ ֆուտբոլային ակումբների նախագահները, մարզիչներն ու ավագները: 

Օրեր առաջ, երբ Ֆրանսիական պարբերական France Football-ը հանձնեց իր ամենամյա «Ոսկե գնդակը»  Կրիշտիանու Ռոնալդուին, ֆուտբոլային հանրության մոտ մեծ հարցեր չառաջացան, թե ինչո՞ւ: Մրցանակը տալիս, նայում են արդյունքներին, որքան էլ շատերը չսիրեն նրան, իրականում մրցանակ տալիս կարեւորում են հենց նվաճումները:

2016-ի Հայաստանի չեմպիոն, Սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում մեկ փուլ անցած թիմի մարզիչ Խաշմանյանի օգտին քվեարկեցին ՀՖՖ գործկոմի անդամներից միայն երկուսը:

Օրինակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու գործարար Սամվել Ալեքսանյանը Աբրահամ Խաշմանյանին չէին տեսել անգամ եռյակում: Նրանք երրորդ տեղում անգամ գերադասել էին Աշոտ Բարսեղյանին: Եթե նրանք երբեւէ ցանկանան պատասխանել մարզական լրագրողների հարցերին, հետաքրքիր կլիներ իմանալ  «Կապան-Գանձասար»  թիմի քանի՞ հանդիպում են դիտել, կամ ո՞ր նվաճումների համար են միավոր տալիս այս մասնագետին:  Ամենեւին չցանկանալով անտեսել կամ չգնահատել Բարսեղյանի աշխատանքը, կա մարզիչ, որը, մեղմ ասած, ավելի լավ արդյունքներ է գրանցել:

Ստացվում է, որ ՀՖՖ գործկոմը, որի կազմի մասին վերջերս շատ էր խոսվում, թե որքանով են կոմպետենտ նրանք ֆուտբոլում, Հայաստանի տարվա լավագույն մարզչի քվեարկության մեջ առաջնորդվում է անձնական նախասիրություններով: Շատ հետաքրքիր է նաեւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի քվեարկությունը՝ ճիշտն ասած, ավելի հետաքրքիր քան գործկոմինը: Թիմի ղեկավարությունը, մարզիչը ու ավագը եռյակում չեն տեսել Աբրահամ Խաշմանյանին: Նրանց մոտ այսպես են դասավորված մարզիչները՝ Կարեն Բարսեղյան (Հայասանի Մ 21), Արթուր Ոսկանյան (Հայաստանի Մ 17) եւ Արամ Ոսկանյան (Հայաստանի Մ 19): «Փյունիկը» նույնպես առաջին տեղում չի տեսել Խաշմանյանին:

 Այստեղ ակամայից հիշում ես «Եվրատեսիլ» երգի մրցույթը. երբ ամեն տարի գիտես, որ հարեւան երկրները միմյանց օգտին են քվեարկելու, բայց միեւնույն է, սպասում ես, որ այս տարի գուցե այդպես չլինի ու իսկապես տաղանդը հաղթի, բայց վերջում համոզվում, որ այդպես չի լինում: Մարզական լրագրողները, գրեթե միահամուռ առաջին տեղ են տվել Աբրահամ Խաշմանյանին: Արդյունքում առաջին տեղում է Վարդան Բիչախչյանը ՝«Շիրակ», երկրորդում Աբրահամ Խաշմանյանը՝ «Ալաշկերտ», իսկ երրորդում Արթուր Ոսկանյանը՝ «Բանանց», Հայաստանի Մ-17:

Զարմանալու ոչինչ չկա, սա ամեն տարվա կրկնվող նույն սցենարն է: Եվ այն մարդիկ, ովքեր ամենից շատ են խոսում ֆուտբոլի զարգացման մասին, որոնք ամենից պատասխանատուններն են ֆուտբոլի համար, ամենից «արդարն» են քվեարկում:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ քվեարկության մեջ ամեն ինչ պարզ էր վաղուց: Քանի հայկական ֆուտբոլում կա Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստ, այլ ֆուտբոլիստներ նրա հետ մրցել չեն կարող: Այլ հարց է, որ հնարավոր է ավելի տրամաբանական կլինի մրցանակը դարձնել Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին, ինչպես դա տարիներ առաջ էր, որպեսզի Հայաստանում հանդես եկող այլ ֆուտբոլիստներ էլ ունենան մոտիվացիա եւ հասկանան, որ գնահատված են: Այլապես կասկած չկա, որ առաջիկա տարիներ այս մրցանակը Մխիթարյանից բացի այլ ֆուտբոլիստի բաժին չի հասնի:

Այսպիսով մենք տարին փակում ենք նման արդյունքներով: Շուտով բոլորս միմյանց կշնորհավորենք գալիք Նոր տարին, կժպտանք ու կհասկանանք, որ ոչինչ չի փոխվում, ավաղ….

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ