News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Գործադիրն առաջարկել էր քննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու միջազգային մի քանի պայմանագիր, բայց պատգամավորներն ակտիվորեն տնտեսության վիճակն են քննադատել: Կառավարությունը ցանկանում է միջազգային նոր վարկեր վերցնել: Դա անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին. նախկին վարկերն էլ չեք մարել, պետական պարտքի սպասարկումն էլ հսկայական գումարներ է պահանջում:

Փաշինյանի համոզմամբ՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ, եւ իրավիճակը դուրս է գալիս կառավարության վերահսկողությունից: Նրա համար նաեւ զարմանալի է կառավարության մոտեցումը, թե վստահում են, վարկ են տալիս: Ասում է՝ վարկ են տալիս, որ հին վարկերը մարեն, ինչո՞ւ են ուրախանում: Հին վարկերի տնօրինման հետ կապված էլ պատգամավորը դժգոհություն ունի: Փաշինյանը նաեւ ցավով արձանագրել է, որ պարտք վերցնելու՝ ժողովրդի շրջանում տարածվող սովորությունը պետությանն է փոխանցվում:

Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է ֆինանսների փոխնախարարի այն հայտարարությունը, թե տնտեսական աճն ու անկումը միայն հաջողությունից են կախված: Պատգամավորը գրագետ տնտեսական քաղաքականության, վստահելի իշխանության պակաս է տեսնում: Եվ եթե հույսը դրել են միայն հաջողության վրա, առաջարկել է. գուցե կառավարության անդամները մոմ թափողի, գրբացի մոտ գնան:

Ի դեպ՝ խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր բավական ցուրտ է եղել: Ազգային ժողովի փոխխոսնակը խնդրել է թեյ հյուրասիրել կանանց, հետո էլ խոստացել է առաջարկել, որ դահլիճն ավելի լավ ջեռուցեն:

Կառավարությունը «խորը մտքերի» կարիք ունի: Գործադիրը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն է ստեղծել, որի համար նաեւ հիմնադրամ ստեղծելու: Կենտրոնը կառավարությանն աջակցելու է զարգացման երկարաժամկետ ծրագրեր, պետություն-մասնավոր հատված գործընկերության ծրագրեր մշակել: Կարեն Կարապետյանը մեծապես կարեւորում է այս կառույցի ստեղծումը:

Օրերս վարչապետը մարզերում էր: Կառավարության անդամներին այսօր տեղեկացրել է, որ այցելությունների ժամանակ բացահայտել է. համայնքների բյուջեի, բնակչության թվի համեմատությունները բավական լուրջ տեղեկություն են տալիս, դրանց հիման վրա հնարավոր է կանխատեսում անել եւ նախանշել այն հորիզոնները, որ համայնքային բյուջեները կարող են ունենալ:

Հայաստանում դպրոցական սննդի ֆոնդ կստեղծվի: Ծրագիրը մեր երկրում իրականացվում է 2010 թվականից, Ռուսաստանի կառավարության տրամադրած միջոցներով: Կրթության նախարարն այսօր ներկայացրել է ծրագրում ընդգրկվածների թվային պատկերը՝ նշելով, որ աստիճանաբար ծրագրում ներառվելու են հանրապետության 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտները: Վերջնաժամկետը 2027 թվականն է, վարչապետը ցանկանում է արագացնել ծրագրի ընթացքը: Լրացել է Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Գործադիրի նիստից հետո լրագրողները Սուրեն Կարայանից հետաքրքրվել են. վարչապետը կատարում է խոստումնալից հայտարարությունները: Նախարարի կարծիքով՝ այո:

Կառավարության անդամները շարունակում են ամփոփել տարին: Այսօր հերթն արդարադատության նախարարինն էր: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է բուռն քննարկումների առիթ դարձած ապօրինի հարստացման քրեականացման հարցին: Նախարարը վստահ է, որ այս կապակցությամբ քաղաքական կամքի թեմայից խոսելը սխալ է եւ անազնիվ։ Ասում է՝ չենք հայտարարել, որ վաղվանից օրենքն ուժի մեջ կմտնի, որպեսզի մեզ չմեղադրեն դիվիդենտ հավաքելու մտադրության մեջ: Լրագրողները խնդրել են մեկնաբանել նաեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Արփինե Հովհաննիսյանը նախ կոռեկտ չի համարել մեկնաբանել երկրի ղեկավարի խոսքերը, բայց նշել է, իր կարծիքով, դրանց էության մասին:

Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից վարորդ Հրաչյա Հարությունյանի մասին. նախարարի փոխանցմամբ՝ այս երկրում 6 տարի եւ 9  ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հարությունյանի հարցն այս պահին ռուսական իրավասու մարմինների գործունեության տիրույթում է: Հայկական կողմը պարբերաբար գործով հարցումներ է ուղարկում ռուսաստանցի գործընկերներին, սակայն Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում խոչընդոտներ կան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հրաչյա Հարությունյանը կարող է հայկական կողմին արտահանձնվել 2016 թվականին:

Հայ-ադրբեջանական սահմանագծին այս տարվա վերջին դիտարկումն է անցկացվել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիտարկում է անցկացրել Տավուշի մարզի Բերդավան եւ ադրբեջանական Քեմեռլի գյուղերի մերձակայքում: Մինչ դիտարկումը սկսելը Տավուշի փոխմարզպետը ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին է ներկայացրել սահմանամերձ հատվածներում տիրող իրավիճակը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության եւ սահմանամերձ ավտոճանապարհների ուղղությամբ արձանագրված կրակոցներին: Կառույցի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները խոստացել են այդ տվյալները ներառել իրենց ամփոփիչ զեկույցներում: Իսկ սահմանագծին դիտարկման ընթացքում զինադադարի խախտման դեպք չի արձանագրվել:

Սպիտակում, նախնական տվյալներով, 5 եւ 7 տարեկան դուստրերին խեղդամահ անելուց հետո ինքնասպան եղած Մարինե Հովհաննիսյանին ու երեխաներին այսօր Շիրակի Կրասար գյուղում հողին են հանձնել: Հայրը փոքրիկների եւ նախկին կնոջ հուղարկավորությանը ներկա չի եղել: Կնոջ համագյուղացիներից մեկը պատմել է, որ Մարինեն խելացի, կրթված, լավ մարդ էր: Նա կասկածում է, որ կինը կարող էր հոգեկան խնդիրներ ունենալ, հակառակ դեպքում չէին թողնի դպրոցում դասավանդել: Հիշեցնենք, որ Մարինե Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ երեխաներին ննջասենյակում մահացած են գտել դեկտեմբերի 19-ին: Նախնական տվյալներով՝ մայրը քնած ժամանակ խեղդամահ է արել երեխաներին, իսկ հետո ինքնասպան եղել:

Ամուսինը կանխել է կնոջ ինքնասպանության փորձը: Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակչուհին փորձել է անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան լինել, սակայն ամուսինը նկատել է եւ օգնության կանչել հարեւաններին: Դեռեւս պարզ չէ, թե ինչն է եղել նման քայլի դիմելու պատճառը: Ինքնասպանության փորձ կատարած կինը երկու անչափահաս երեխա ունի:

Երեկվա նահանջից հետո դոլան ու եվրոն այսօր ամրապնդել են դիրքերը: Արդյունքում դեկտեմբերի 22-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 503, ռուբլունը՝ 7 դրամ 92 լումա, ֆունտինը՝ 594 դրամ:

Դեկտեմբերի 23-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էականորեն չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ