Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ նիստի օրակարգին անցնելը ողջունել է ներկաներին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, հակիրճ անդրադարձել Միության շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներին, կայացված կարեւորագույն որոշումներին, ինչպես նաեւ զարգացման հեռանկարային ծրագրերին: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքներն էլ ավելի կխթանեն ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսական փոխգործակցությունը:

Նիստի սկզբում պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահին` երեկ Սոչիում ռուսական Տու-154 ինքնաթիռի վթարի եւ վթարի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Կանոնակարգի համաձայն նիստը վարում է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Օրակարգի հարցերի շարքում անդամ պետությունների նախագահները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, Միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ հարցերը: Նիստում անդրադարձ կլինի ԵԱՏՄ ձեւաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: