Երեւանի Ազատության հրապարակում, Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների մոտ, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ Arloopa ընկերության մասնագետները ներկայացնեցին ArmCulture AR հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է տեսնել արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել եւ լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություն։ Հավելվածը տեղում փորձարկվել է։
Smart սարքով` հեռախոսով, պլանշետով արձանի պատվանդանին ամրացված հատուկ նշանի սքանավորմամբ տեսանելի է դառնում եռաչափ անիմացիոն պատկերը, որն ուղեկցվում է տվյալ ստեղծագործողի ուղերձով։
ArmCulture AR հավելվածն անվճար հասանելի է Google Play Market-ում եւ Apple App Store-ում: Արդեն հնարավոր է սքանավորել Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները։





























