News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բնապահպանության նախարարի ամանորյա նվերը՝ թունավոր ջուր: Նախարարության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ Արծվիկ Մինասյանին այսպես են շնորհավորել բնապահպանական ակտիվիստները: «Սեղանի խմելու այլընտրանքային ջուրը» հավաքել են Հայաստանի հանքերի պոչամբարներից:

Մինչ տոնական միջոցառումը Արծվիկ Մինասյանը նաեւ ամփոփել է բնապահպանական տարին: Շատ ասելիք չի ունեցել, հիմնականում թվեր է ներկայացրել՝ թղթից, քանի որ այս նախարարությունը կարճ ժամանակ է ղեկավարում: Դրա համար հանդիպումը սկսել է՝ շնորհակալություն հայտնելով իր նախորդին: Հետո արդեն ներկայացրել է հիմնականում առանց իր մասնակցության կատարված աշխատանքները: Ձկնաբուծություն, անտառտնտեսություն, ապօրինի ստորգետնյա ջրերի հորատանցքեր եւ այլն: Իսկ կառավարման համակարգի օպտիմալացումը նաեւ բնապահպանության նախարարություն է հասել. այստեղ ե՛ւ աշխատակազմի, ե՛ւ սպասարկող մեքենաների կրճատումներ կլինեն, պետության միջոցներն էլ կխնայեն:

Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Կապանում ծննդկանի մահվան դեպքից հետո որոշել են վեցամսյա ժամկետում երկրի բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորում անցկացնել: Առողջապահության նախարարն ասում է՝ թեստավորում չանցած մասնագետների գործունեությունն առայժմ չեն կարող կասեցնել, բայց դրա համար էլ օրենքում փոփոխություններ կարվեն:

Օրենսդրական փոփոխություններ կարվեն նաեւ դեղորայքի շուկան կարգավորելու համար: Դեղագործական կազմակերպությունները բողոքում են, որ իրենց տուգանում են չգրանցված դեղորայք վաճառելու համար, մինչդեռ դրանք ներկրողներից ձեռք են բերում օրինական հիմունքով: Լեւոն Ալթունյանն արձագանքում է. չի կարող բերողը մեղավոր լինել, վաճառողը՝ ոչ, նա պարտավոր է ստուգել օրինականության բոլոր փաստաթղթերը եւ վերցնել միայն օրինական ներմուծված դեղերը:

Ոլորտում մեծ խնդիր է նաեւ պետպատվերի հարցը: Այո՛, պետպատվերի համար տրամադրվող գումարները քիչ են, այո՛, դրանք շուտ են ավարտվում, կփորձեն գտնել պակասող միջոցները: Նաեւ ծախսերի հաշվարկ կկատարեն: Նախարարը հիվանդանոցներին չհավատալու առիթ առայժմ չունի, բայց կանխարգելիչ քայլեր կձեռնարկեն. գերմանացի տանտիրուհու նման «գրոսբուխ» կվարեն՝ ծախսերը հասկանալու համար:

Սփյուռքի նախարարությունը բացահայտումներ է արել. պարզվում է՝ աշխարհում ավելի շատ հայեր կան, քան Հայաստանում էին պատկերացնում: Բոլորովին վերջերս հայկական համայնքներ են «հայտնաբերել» եւս 2 երկրում. Կոստա Ռիկայում 400 հայ է ապրում, Նիկարագուայում՝ 380: Հրանուշ Հակոբյանը նաեւ այլ թվեր է ներկայացրել. այս տարի 516 սիրիահայ է Հայաստան տեղափոխվել: Հիմա արդեն սիրիահայերի թիվն այստեղ 22 հազար է: Նրանց ընտանիքներում արդեն շուրջ 250 երեխա է ծնվել:

Նախարարը նաեւ հայ աղջիկներին գովելու առիթը բաց չի թողել. ասում է՝ խորհրդային տարիներին սփյուռքից, հատկապես՝ Սիրիայից ու Լիբանանից գալիս էին, տանում մեր աղջիկներին, հիմա հայրենիք են տեղափոխվում ու այստեղ ամուսնանում: Հրանուշ Հակոբյանը հստակ օրինակներով է խոսել: Ընդգծել է հատկապես Ֆրանսիայից մի անկրկնելի տատիկի հետ ծանոթանալու մասին

2017 թվականը Սփյուռքի նախարարությունն Արցախի տարի է հայտարարել։ Ուզում են եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, հատկապես, որ ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին. միավորվեցինք եւ ավելի հզոր դարձանք ուժով եւ հոգով:

Կաշառքից ու բացահայտումներից էր խոսում, հենց ինքն էլ բռնվեց: Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ կոռուպցիոն սխեմա է գործել, որի միջոցով պաշտոնատար անձինք կաշառք են ստացել ու փոխանցել իրենց վերադասներին: Պարզվում է՝ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյա Արմեն Սողոյանը: Հետաքրքիր է, որ շաբաթներ առաջ Սողոյանն ասուլիս էր հրավիրել եւ լուրջ դեմքով խոսել ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին: Նա նաեւ նշել էր բացահայտված չարաշահումների, պաշտոնազրկումների, բժիշկներին հայտարարված նկատողության մասին: Իր մասին, սակայն ,մոռացել էր: Քրեական գործ է հարուցվել, խուզարկության արդյունքում 2 մլն 547 հազար դրամ եւ 600 դոլար է հայտնաբերվել, գերակշռող մասը՝ ծրարված:

Ի՞նչ կբացահայտվի Տու-154-ի ինքնագրիչ սարքերի վերծանման արդյունքում: Կործանված օդանավի առաջին «սեւ արկղը» դուրս են բերել Սեւ ծովի հատակից: Մասնագետները հույս ունեն դրա օգնությամբ պարզել ողբերգության պատճառները: Առայժմ դիտարկվում են օդանավի անսարքության, շարժիչում կողմնակի առարկայի հայտնվելու, օդաչուների սխալի եւ անորակ վառելիքի վարկածները: Հատուկ ծառայությունները շարունակում են պնդել. ահաբեկչության նախանշաններ չկան: Որոնողական աշխատանքների վայրում նաեւ շուրջ ութ տասնյակ մարդու մարմին են գտել: Հիշեցնենք, որ օդանավում 92 մարդ է եղել. 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Սիրիա մեկնող օդանավում է եղել նաեւ Ալեքսանդրովի անվան համույթի հայազգի մեներգիչ, «Օպերայի ուրվականը» մյուզիքլի աստղ, տենոր Հովհաննես Գեորգիյանը: Մարդ, որը, ինչպես գործընկերներն են բնորոշում, պարզապես սիրում էր կյանքը:

Ինքնասպանության փորձ են կանխել: Պարզվում է՝ 39-ամյա Արման Բաղդասարյանն առողջական խնդիրներ ունի, նաեւ սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Տղամարդը խնդիրների լուծման այլ տարբերակ չի գտել եւ որոշել է վերջ տալ կյանքին: Բաղդասարյանը փորձել է նետվել Կիեւյան կամրջից: Նրան տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերել:

Դեկտեմբերի 27-ին նույնպես հիմնական փոխարժեքներն աճել են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 505, ռուբլունը՝ 7 դրամ 95 լումա, ֆունտինը՝ 593 դրամ:

Դեկտեմբերի 28-30-ը հանրապետության տարածքում արդեն սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 30-ի ցերեկը՝ նույնքան կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ