News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղազախստանը Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս է դնում այն խնդիրների փակագծերից, որոնք լուծվում են ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն: Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը NEWS.am-ի հետ զրույցում գոհունակություն հատնեց Երեւանի եւ Աստանայի քաղաքական փոխգործակցության վերաբերյալ եւ առանձնացրեց օբյեկտիվ դժվարությունները, երկկողմանի առեւտրային հարաբերությունների զարգացման ուղիները:   

Ինչպե՞ս կբնութագրեք 2016 թվականի ընթացքում Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքական փոխգործակցությունը:

Ղազախստանի եւ Հայաստանի երկկողմանի հարաբերությունները քաղաքական մակարդակում շատ կառուցողական, օգտակար եւ փոխշահավետ են գնահատվում: Սա այն ամենի իրական գնահատականն է, ինչին հասել ենք նորագույն պատմության անցած 25 տարիների ընթացքում: Ինտենսիվ հարաբերությունների գլխավոր ցուցիչը թե՛ Ղազախստանի, թե՛ Հայաստանի անդամակցությունն է համագործակցության սերտ ձեւաչափերին՝ Եվրասիական տնտեսական միություն եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Եթե մեր երկկողմանի հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ լինեին, մենք չէինք կարողանա այդ կազմակերպություններին անդամակցել:

Ինչ վերաբերում է երկկողմանի անմիջական կապերին՝ Հայաստանը մշտապես աջակցում է մեր միջազգային նախաձեռնություններին՝ եւ՛ մեր թեկնածությանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում, եւ՛ EXPO-ն անցկացնելիս, նաեւ շատ այլ միջազգային հարցերում: Միջազգային շատ հարթակներում քվեարկությունների ժամանակ մենք էլ աջակցում ենք հայ գործընկերներին:

Ե՛վ Ղազախստանը, եւ՛ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության իրենց ձեւաչափն ունեն: Ղազախստանը եւ Հայաստանը ակտիվորեն համագործակցում են նաեւ Եվրամիության հետ: Միջազգային մեծ օրակարգի հարցում մեր մոտեցումները միմյանց միանգամայն մոտ են: Ես այնտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է առեւտրային հարաբերություններին՝ այս ոլորտում, ցավոք, շատ մեծ չօգտագործված պոտենցիալ կա, նույնիսկ օբյեկտիվ դժվարությունների պարագայում, առաջին հերթին՝ տրանսպորտային եւ լոգիստիկ բնույթի: Ե՛վ ղազախ, եւ՛ հայ գործընկերների համար այս թեման առաջնահերթ հարցերի կարգում է: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը բավական փոքր է, անցյալ տարվա տվյալներով՝ կազմել է ընդամենը մոտ 5,5 մլն դոլար: Ապրանքաշրջանառության մեծ մասն իրականացվում է հայ գործարարների ուժերով հայկական արտադրանքի արտահանմամբ. որպես կանոն, նրանք հայկական ծագումով մեր հայրենակիցներն են: Փոքր եւ միջին բիզնեսի տեսակետից մենք ռուս արտահանողների հետ մրցակցելու հնարավորություններ դեռեւս չունենք:

Չեմ կարծում, որ Հայաստանում ներդրումային պայմաններն ավելի վատն են, քան Վրաստանում: Կարծում եմ՝ ներդրումային հնարավորություններն անգամ գուցե ավելի լավն են: Գործում է Եվրամիության հետ Հայաստանի առեւտրի հրաշալի ռեժիմ՝ GSP+, որը եզակի հնարավորություն է տալիս Հայաստանի ոչ միայն ղազախ, այլեւ ցանկացած միջազգային գործընկերոջ երկրի տարածքում հաջողությամբ ներդրումներ կատարել:

Հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունն արդեն 55.4 տոկոսով աճել է։ Իմ կարծիքով Ղազախստանի եւ Հայաստանի առեւտրի աճի կետ կարող են լինել առաջին հերթին առեւտրում՝ ապրանքների նոր նոմենկլատուրայի հայտնաբերում, որը պետք է պահանջարկ վայելի։ Ղազախստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ 98 տոկոսը հայկական ապրանքների արտահանումն է՝ գինի, կոնյակ, ոսկյա զարդեր։ Իսկ ղազախական արտահանումը 2016-ի հունվար–փետրվար ամիսներին կազմել է 294 հազար դոլար։ Ինչպե՞ս փոխել իրավիճակը։ Առաջին հերթին՝ պետք է մտածել այն մասին, թե ինչպես բարելավել Հայաստանից Վրաստանով դեպի Ռուսաստան, իսկ հետո Ղազախստան երթուղու հնարավորությունները՝ հաշվի առնելով «վերին Լարսի» աշխատանքի սեզոնայնությունը։ Պետք է զուգահեռ զարգացնել նաեւ հարավային երթուղին Իրանի եւ Թուրքմենիայի տարածքով դեպի Ղազախստան։

Ինչպե՞ս Դուք կգնահատեիք ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ անդամ երկրների դիրքորոշման նկատմամբ Հայաստանի նախագահի բազմիցս հայտնած դժգոհությունը։

Առաջին հերթին ՀԱՊԿ կանոնակարգում սեւով սպիտակի վրա գրված է, որ անդամ երկրները միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երրորդ երկրի կողմից արտաքին ագրեսիայի հետմղման դեպքում։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին խնդիրները մեծամասամբ կապված են ոչ այնքան Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Տավուշի մարզում սահմանի մասը սահմանակից է այն շրջաններին, որոնք Հայաստանի հսկողության ներքո։

Մենք ի սկզբանե հստակ եւ բաց դիրքորոշում ենք ընդունել, եւ՛ Ղազախստանում, եւ՛ Ռուսաստանում, եւ՛ ՀԱՊԿ մյուս երկրներում, եթե խոսքը երրորդ պետության արտաքին ագրեսիայի մասին է առանց որեւէ տարածքային խնդիրների, դա մի բան է, եւ բոլորովին այլ բան է, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Այդ պատճառով Ղազախստանը ազնիվ դիրքորոշում ունի. Լեռնային Ղարաբաղի հարցը մենք դուրս ենք բերում այն խնդիրներից, որոնք լուծվում են ՀԱՊԿ Կանոնակագին համապատասխան։ Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը, ռազմական ;ուծում բացարձակապես չկա։

Հիմա ուզում եմ հարցնել, թե ինչպես են  նշում Նոր տարին Ղազախստանում։ Ի՞նչ ավանդական ուտեստներ են մատուցում տոնին։

Ցանկացած Նոր տարի մեզ համար առաջին հերթին ընտանեկան տոն է։ Նա մեզ բոլորիս միավորում է «դաստարխանի» շուրջ։ Ղազախերենից թարգմանաբար դա նշանակում է «ծածկած սեղան», բառացի դա սփռոց է, նկատի ունի տոնական սեղան։ Բնականաբար, ավանդական ուտեստներ են պատրաստում։ Մեզ մոտ ավանդական ուտեստ է համարվում «Յետը», ինչը թարգմանաբար միս է նշանակում։ Ուտում են նաեւ «բեշբարմակ»։

Հայաստանին եւ հայ ժողովրդին ձեր մաթանքը՞։

Կուզենայի մաղթել, որ ոչ միայն տոնական օրերին, այլ նաեւ Ամանորից հետո սեղաններն առատ լինեն։ Նման դեպքերի համար կա մաղթանք «Դաստարխան մոլ բոլսին, այսինքն՝ «թող դաստարխանը հարուստ լինի»։ Հայաստանին ես առաջի հերթին մաղթում եմ սահմանին խաղաղ վիճակ։ Պետք է հուսալ, որ հարեւանները կարող են փոխըմբռնման հասնել, լսել միմյանց։ Ես հայ քաղաքական ղեկավարության մոտ համաձայնության հասնելու պատրաստակամություն եմ տեսնում, կուզեի նույն բանը լսել նաեւ Հայաստանի հարեւաններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ