News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայտնի «Ռեյնա» գիշերային ակումբում տեղի ունեցած հարձակման հետ կապված NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստամբուլից մանրամասներն է ներկայացրել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Թուրքիայում շատերն Ամանորի գիշերը նշում են ռեստորաններում ու ակումբներում։ 2017 թվականի հենց առաջին օրը աշխարհի լրատվականների առաջին լուրը սկսվեց Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին հաղորդմամբ։ Լուրը սառը ցնցուղ էր հատկապես Թուրքիայի քաղաքացիների համար։ Տարեվերջի մի քանի արյունոտ հարձակումներից ուշքի չեկած հասարակությունը հենց Ամանորի գիշերը հերթական շոկն էր ապրում։

Զինված անձը մտել էր Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գտնվող «Ռեյնա» գիշերային ակումբ եւ ավտոմատով կրակ բացել ներկաների վրա։ Մինչ այդ նա սպանել էր ոստիկանին, ապա անցել ակումբում գտնվողներին։ Նրան հաջողվել էր  հեռանալ դեպքի վայրից։

Տեղի ունեցածից ժամեր անց ակումբի սեփականատերը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը հայտնել էր հնարավոր ահաբեկչության մասին, որի պատճառով վերջին 10 օրը ուժեղացված հսկողություն է եղել ակումբին հարող շրջանում, սակայն ոստիկանությունը չի կարողացել կանխել արյունալի սպանդը։

«Ռեյնայի» կոտորածից հետո թուրքական բոլոր հեռուստաընկերությունները, մամուլն ու ռադիոն ողողված էին դեպքի վերաբերյալ լուրերի թողարկմամբ։ Գրեթե բոլոր ալիքներով տարբեր վերլուծաբաններ խոսում էին տեղի ունեցածի մասին եւ փորձում այն կապել գյուլենականների կամ «դրսի ուժերի» հետ, որոնք ցանկանում են խանգարել ռուս-թուրքական համաձայնությանը՝ շեշտելով մասնավորապես Սիրիայում զինադադար հաստատելու Թուրքիայի ու ՌԴ-ի քայլերը։

Ստամբուլի բոլոր խանութներում կամ տարբեր հաստատություններում տոնական օրերի միակ թեման դարձել է «Ռեյնայի» ահաբեկչության քննարկումը։ Քաղաքացիների մի մասը համամիտ է իշխանական քարոզչության հետ, որ այս դեպքն ուղղված է Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ զինադադար հաստատելու դեմ, իսկ մի մասն էլ ուղղակի քննադատում է իշխանություններին՝ երկիրը «Աֆղանստան» դարձնելու ու քաոսի վերածելու համար։ «Մենք մեզ համար շատ լավ ապրում էինք, ի՞նչ գործ ունի Թուրքիան Սիրիայում, ի՞նչ գործ ունի Թուրքիան Իրաքում։ Թող այնտեղ ինչ ուզում են անեն։ Այս անհեռատես քաղաքականության հետեւանքով Թուրքան վերածել են քաոսի ու ահաբեկչությունների կենտրոնի»,-մոտավորապես նման ձեւով են իշխանությունների  վարած քաղաքականությունը մեկնաբանում բազմաթիվ քաղաքացիներ։

Անհանգստության առանձին թեման է այն, որ զինված հարձակման հեղինակը դեռ ազատության մեջ է, իսկ ոստիկաններին հաջողվել է ընդամենը նրա մասին տեղեկություններ ստանալ, ձերբակել նրա կնոջն ու ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ կասկածվող մեկ տասնյակ անձանց։

Պարզվել է, որ Ղրղզստանի քաղաքացի հանդիսացող ահաբեկիչը նոյեմբերի 20-ին կնոջ ու երկու երեխայի հետ օդանավով Ստամբուլ է եկել, այնուհետ նոյեմբերի 22-ին մեկնել Քոնիա քաղաք, որտեղ ամսական 1100 լիրայով տուն է վարձակալել անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող մի ընկերության օգնությամբ, ավելին, վճարել է 3 ամսվա վարձը։

Անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերության աշխատակիցները ձերբակալվել են։ Նրանք հայտնել են, որ ղրղզստանցի տղամարդն ասել էր, թե աշխատանք գտնելու համար էր եկել Քոնիա։ Նրանք նաեւ շեշտել են, թե տուն գտնելու հարցում միջնորդել են օտարերկյա քաղաքացիներ, որոնք միջադեպից հետո արագ հեռացել են Քոնիայից։ Հանցագործի ձերբակալված կինը պնդել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ ամուսինը «Իսլամական պետության» անդամ է։

Թուրքական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, թե ակումբ մտնելու ժամանակ ահաբեկիչն օգտագործել է Flash Bang տիպի ձեռքի նռնակ, որն օգտագործում են հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Հիշյալ նռնակն արձակում է հզոր լույս ու 170 դեցիբել ձայն, որը մի պահ մարդկանց կուրացնում ու խլացնում է։ Այդ ընթացքում էլ հանցագործը կարողացել է ավտոմատ հրազենի պահունակները փոխել ու շարունակել կրակել։

Դեպքից հետո լրագրողների հետ զրույցում գիշերային ակումբի տնօրենը նշել էր, թե հանցագործը հեռացել էր ակումբից, քանի որ այլեւս ոչ ոք ողջ չէր եղել։ Այսինքն, հանցագործը կարողացել է անարգել կոտորած սարքել ու հանգիստ հեռանալ ակումբից։

Դեպքից շատ չանցած «Ռոյթերս» գործակալությունը հայտնել էր, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»։

Հարձակման հետեւանքով 39 սպանվածները եղել են Թուրքիայի, Սաուդիան Արաբիայի, Հորդանանի, Քուվեյթի, Ադրբեջանի, Մարրոկկոյի, Թունիսի, Լիբանանի, Սիրիայի, Իսրայելի ու Հնդկաստանի քաղաքացիներ։

Լրատվամիջոցները հետաքրքիր մի փաստ են արձանագրել. ԻՊ-ի անդամի կողմից սպանվածների մեծ մասը հանդիսանում են այն երկրների քաղաքացիները, որոնք ըստ սիրիացի ու իրանցի պաշտոնյաների, հանդիսանում են ԻՊ-ի հիմնական հովանավորողներն ու աջակցողները։

Դեպքի հետ կակպված հետաքրքիր մեկնաբանություն է արել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նա, քննադատելով իշխանություններին տեղի ունեցածի հետ կապված, ասել է, թե Ասադին տապալելու համար  իսլամիստներին աջակցելու համար բեռնատարներով Սիրիա ուղարկված զենքերն այժմ հետ են եկել ու օգտագործվում են Թուրքիայի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ