Հանրապետական զինվորական հավաքակայանում այսօր` հունվարի 8-ին, մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը: Զորակոչին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հիացած է նորակոչիկների մարտական ոգով:
«Բոլոր մարզերում եւ Երեւանում սկսվել են զորակոչի միջոցառումները: Ամբողջ զորակոչի կազմակերպչական մակարդակը ստուգեցինք, հիացրեց մեզ մեր տղաների մարտական տրամադրությունը: Բոլորին բարի ծառայություն եւ խաղաղություն ենք մաղթում, այս երկու տարին մեր զինակոչիկների համար հնարավորություն է՝ իրենց վրա աշխատելու եւ ավելի կոփված վերադառնալու համար»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս տարի զինակոչի մեջ փոփոխություններ են կատարվել: «Մեր զինվորների հանդերձավորումն է նորամուծություն, որը հնավարություն է տալիս բոլորին միատեսակ եւ հարմարավետ գնալ բանակ: Զորակոչիկը վիճակահանությամբ ինքն է որոշում այն վայրը, որտեղ պետք է ծառայություն անցնի՝ հաշվի առնելով ծառայության պայմանները, ընտանեկան դրությունը, ուսումնական զորամասերում ծառայություն սկսելու հնարավորությունը: Հավասարապես բաշխված են այն զորամասերը, որտեղ մարտական մասնակցության խնդիր կա: Առաջին վեց ամիսը ծառայությունը ուսումնական զորամասերում են սկսելու, վեց ամիս անց արդեն մարտական հերթապահության կմեկնեն»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ Հանրապետական հանձնաժողովի առջեւ սկզբունքային խնդիր է դրվել ուսումնասիրել հիվանդությունների վերաբերյալ յուրաքանչյուր դեպք. «Զինված ուժերի շահերից է բխում՝ առողջ զինվոր բանակ զորակոչելը»:













