News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի ու Թուրքմենստանի դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի եւ Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաեւ ծավալել եռակողմ ձեւաչափով տնտեսական գործակցություն:

«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը, եւ 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարեւորության մասին», - նշել է կառավարության ղեկավարը:

Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները շնորհավորել են ՀՀ վարչապետին եւ հայ ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ նշելով, որ իրենց երկրների կառավարությունները կարեւորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը եւ պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը եւ համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձեւավորելու եւ կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով դեսպաններին իրենց դիրքորոշումների համար՝ Կարեն Կարապետյանը նաեւ կարեւորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ