News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2012 թվականի հունվարի 10-ին կյանքից հեռացավ խորհրդային հայ հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Անդրեյի Վարդանյանը: Տասնամյակներ շարունակ արտերկրում գործունեության ընթացքում նա ոչ մի ձախողում չի ունեցել, հավաքագրված ոչ մի գործակալի, ոչ մի տեղեկատուի չի կորցրել: Վարդանյանի գործունեությունն այնքան անթերի է եղել, որ 76-ամյա գործակալի անունը գաղտնազերծվել է միայն 2000 թվականի դեկտեմբերին:

Հայ հետախույզի հիշատակին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա կյանքից մի քանի փաստ:

Վարդանյան-հետախույզի ուղին սկսվել է Թեհրանում: Չհասնելով նույնիսկ չափահասության տարիքի՝ Գեւորգը հասակակիցների շրջանում իսկական հետախուզական խումբ է ստեղծում, որի կազմում ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ էին: Այդ ժամանակ էլ, խորհրդային ռեզիդենտի հետ հանդիպումից հետո, նա կեղծանուն է ստանում՝ «Ամիր»:

Որպես պրոֆեսիոնալ հետախույզ Գեւորգ Վարդանյանը ձեւավորվում է երկու ավագ ընկերների ազդեցությամբ: Նրանցից մեկը հայրն է՝ իրանահպատակ Անդրեյ Վարդանյանը: 1930 թվականին, երբ Գեւորգը 6 տարեկան էր, ընտանիքը Դոնի Ռոստովից Իրան է տեղափոխվում, որտեղ հայրը սեփական գործն է հիմնում: Բայց ԽՍՀՄ-ի հետ կապերը չի կտրում, ավելին, ակտիվ գործակալական գործունեություն է ծավալում: Բարեբախտաբար, հասարակության մեջ դիրքը հուսալի քող է ծառայում:

Իսկ Գեւորգի «կնքահայրը» դառնում է Իվան Աղայանցը, որի հետ նա ծանոթանում է 1940 թվականի փետրվարին: Հետախույզը պատանու վրա հսկայական տպավորություն է թողնում. «Ես իմացա, որ Իվան Աղայանցը լեգենդար խորհրդային հետախույզ է: Նա խիստ, բայց միաժամանակ բարի ու ջերմ մարդ էր: Երկար տարիներ եմ աշխատել նրա՝ մինչեւ պատերազմի ավարտը, եւ նա ինձ հետախույզ դարձրեց: Զբաղված էր, բայց հանդիպում էր ինձ հետ, սովորեցնում»,- ավելի ուշ պատմել է Վարդանյանը:

Պատանի Վարդանյանի եւ նրա՝ ոչ պակաս պատանի թիմի աշխատանքի արդյունավետությունն ապշեցնող էր: Պատերազմի տարիներին նրա «Թեթեւ հեծելազորը» Թեհրանում շուրջ 400 գերմանացի գործակալի, դիվերանտների ու նրանց տեղեկատուների է բացահայտում:

Գեւորգ Վարդանյանի գործընկերն ու ամենամտերիմ մարդը դառնում է նրա կինը՝ Գոհարը: Դեռեւս «Թեթեւ հեծելազորի» տարիներին նա ներառվում է այդ խմբում, իսկ արդեն 1946 թվականին նրանք ամուսնանում են: Հետաքրքիր է, որ դա ընդամենը առաջին ամուսնությունն էր, որ նրանք գրանցում էին համատեղ կյանքի ընթացքում: Պատերազմի ավարտից մի քանի տարի անց երիտասարդ ընտանիքը Երեւան է տեղափոխվում՝ կրթություն ստանալու համար, իսկ 1955 թվականին ամուսինները կրկին սկսում են աշխատել խորհրդային հետախուզությունում՝ երեսուն տարով արտասահման մեկնելով: Այդ տարիների ընթացքում զույգը ստիպված է լինում երեք անգամ ամուսնանալ տարբեր երկրներում՝ նոր փաստաթղթեր ստանալու համար:

Վարդանյանի հիմնական հատկություններից մեկը, որը նրան բարձրակարգ հետախույզ էր դարձել, նրա անհավանական հնարամտությունն էր: Ահա երկու դեպք, երբ նա կարողացել է ցուցաբերել այդ հատկությունը:

1940-ականների սկզբին իրանական ոստիկանությունը ձերբակալում է Գեւորգին՝ բացահայտված երկու գործակալների հետ կապի համար: Մինչ ոստիկանները նրան տանում էին քաղաքով, նա որոշում է «համագործակցել» նրանց հետ՝ մատնանշելով մարդկանց, որոնց հետ իր խմբի անդամները, իբր, կապ են ունեցել: Նշված մարդիկ երկար ժամանակով ճաղերի հետեւում են հայտնվում, իսկ իրականում դրանք խորհրդային հետախուզության հակառակորդներ էին: Սակայն Վարդանյանն ինքն էլ չի կարողանում ամբողջությամբ չոր դուրս գալ ջրից. նրան ազատ են արձակում երեք ամիս անց միայն:

Երկրորդ պատմությունը տեղի է ունեցել 1942 թվականին: Վարդանյանին հաջողվում է բացահայտել Իրանում բրիտանական հետախուզական դպրոցը, ինչից հետո, ԽՍՀՄ-ի պահանջով, այն փակվում է: Վարդանյանը կարողանում է դա անել՝ ընդունվելով այդ դպրոց: Այնտեղ նա արագորեն ծանոթանում է «համադասարանցիների» հետ եւ պարզում նրանց ինքնությունը: Երբ երիտասարդ լրտեսներին ԽՍՀՄ են ուղարկում, անմիջապես ջրի երես են հանում:

Թեհրանում Վարդանյանի եւ նրա խմբի գլխավոր սխրագործություններից մեկը 1943 թվականի հանդիպման ժամանակ Ստալինի, Չերչիլի եւ Ռուզվելտի դեմ մահափորձի կանխումն էր: Երրորդ ռեյխի ծրագրի իրականացման դեպքում պատերազմի ընթացքը կարող էր այլ լինել, սակայն պատանիների խումբը կարողացավ կանխել դիվերսիան՝ հաջողությամբ բացահայտելով գերմանացի գործակալներին:

Ավելի քան 30 տարի անց այս պատմությունը դարձել է «Թեհրան 43» ֆիլմի հիմքը, որտեղ Գեւորգ Վարդանյանը հանդես է եկել որպես խորհրդատու եւ գլխավոր հերոսի կերպարի՝ Անդրեյ Բորոդինի նախատիպ: Գլխավոր դերակատար Իգոր Կոստոլեւսկին խոստովանել է, որ Վարդանյանի հետ ծանոթությունն իր ստեղծագործական կյանքի գլխավոր հաջողություններից է համարում:

1950-ականների կեսերին Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների երկարատեւ՝ երեսնամյա «արտասահմանյան շրջագայության» են մեկնում. միասին աշխատում էին որպես հետախույզ: Այդ «ուղեւորության» ընթացքում ամուսինները եղել են շուրջ հարյուր երկրներում, որոնց ամբողջական ցանկը մինչեւ այսօր անհայտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ