Երեւանում էլեկտրամոբիլների համար կայանումն անվճար կլինի. Երեւանի քաղաքապետարանը համապատասխան որոշման նախագիծ է մշակում:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին:

Հիշեցնելով, որ Երեւանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել եւ Երեւանի  ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ: