News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 9-ին FIFA-ն 2016-ի  լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Կրիշտյանու Ռոնալդուին: Ոչ ոք կասկած չուներ, որ այդ մրցանակը բաժին է հասնելու հենց նրան: Մինչ այդ արդեն նա նվաճել էր «Ոսկե գնդակը»: Նախորդ տարին Ռոնալդուի համար լավագույնն էր կարիերայում՝ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ ու Չեմպիոնների լիգայի հաղթող:

Ռոնալդուն իր «Ոսկե գնդակների» թիվը հասցրեց չորսի՝ առաջ անցնելով Պլատինիից, Քրոիֆից ու Վան Բաստենից: Եվ կրկին աշխարհը բաժանվեց երկու մասի. արժանի՞ էր արդյոք Ռոնալդուն այս մրցանակին, նա՞ է ավելի ուժեղ, թե՝ Մեսսին: Բնականաբար արգենտինացին գիտեր, որ լավագույնը լինելու է իր վաղեմի մրցակից Ռոնալդուն: Մեսսին ու «Բարսելոնան» անգամ չմասնակցեցին մրցանակաբաշխությանը՝ պատրաստվում էին Իսպանիայի գավաթի պատասխան խաղին Աթլետիկի հետ:

Նայելով փաստերին՝ միանշանակ պետք է փաստել, որ Ռոնալդուն ամենից շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստն է ու արժանի է լավագույնի կոչմանը: Դա կարծիք է՝  հիմնված փաստերի վրա: Եթե  շատերը զարմանում էին, թե ինչու Մեսսին եւ ոչ թե Սնեիդերը 2010-ին դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը, ապա այստեղ խոսում են փաստերը: Բայց ֆուտբոլում, ինչպես նաեւ կյանքում, ամեն բան միանշանակ չէ: Կարելի է նաեւ ասել, որ հենց այս տարի Ռոնալդուն ամենից քիչ էր արժանի լավագույնի կոչմանը: Ինչո՞ւ…

Եկեք մի պահ ժամանակի մեջ հետ գնանք դեպի  նախորդ տարվա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: Ամեն բան որոշում է պահը…Խփեր Գրիզմանը կամ չվրիպեր Խուանֆրանը… այսօր լավագույնը երեւի կլիներ Գրիզմանը: Կամ չլիներ Պլատինին, չհորիներ Եվրոպայի առաջնության մասնակիցների թվի ավելացում, որտեղ երրորդ տեղը գրաված թիմերը դուրս կգային հաջորդ փուլ, Պորտուգալիան իր երեք միավորով կմնար խմբում: Պորտուգալիան իր երեք միավորով ընկավ աղուսակի ձախ հատված՝ համեմատաբար թույլ թիմերի հետ, Պորտուգալիան Եվրոպայի առաջնությունում հիմնական ժամանակում հաղթեց միայն մեկ խաղում, մնացած խաղերում՝ ոչ ոքիներ: Եվ եկանք նույն տեղը, եթե եզրափակչում Գրիզմանը խփեր, եթե Ժիրուն օգտագործեր իր լավագույն պահը, լավագույնը այս պահին կլիներ Գրիզմանը: Բայց «եթե»-ներ չեղան: Իսկ Ռոնալդուն, եզրափակչում վնասվածք ստանալով, կատարեց մարզչի դերը: Ինչպես տեսաք, թիմն առանց իր աստղի ավելի լավ ու վստահ խաղաց: Այստեղ էլ Էդերը վճռեց խաղի ելքը:

Զուգահեռաբար ԱՄՆ-ում Ամերիկայի գավաթի  եզրափակչում կրկին դրամա էր, կրկին ողբերգություն մի ազգի համար: Վերջին երկու  տարում Արգենտինայի հավաքականը երեք անգամ հայտնվում է  եզրափակչում, երեք անգամ թիմին այնտեղ հասցնում է Մեսսին: Բարսելոնի աստղը Արգենտինային, կարելի է ասել միայնակ, հանեց Աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց Իգուաինը մեն մենակ դուրս գալով դարպասապահի դեմ վրիպեց, նա արեց դա երկրորդ, ապա երրորդ անգամ:

Մեսսին ամբողջ աշխարհի առջեւ չկարողացավ թաքցնել իր արցունքները, հետո էլ որոշեց հեռանալ Արգենտինայի հավաքականից: Իգուաինը չվրիպեր գուցե այսօր այլ արդյունքներ լինեին: Բայց դա «գուցե»-ների շարքից է:

Ինտերնետը ողողված է մեմերով, որտեղ Ռոնալդուն ստանում է իր «Ոսկե գնդակը»՝ հենվելով Ռամոսի ու Էդերի ուսերին, իսկ Մեսսիին սեփական թիմակիցները Արգենտինայից քաշում գցում են փոսը: Իհարկե, Սերխիո Ռամոսի կարգի ֆուտբոլիստը, ում շնորհիվ «Ռեալը» վերջին իր երկու գավաթները վերցրեց Չեմպիոնների լիգայում, փրկեց Ռեալին Եվրոպայի Սուպեր գավաթի հետ խաղում՝ կրկին վերջին րոպեներին, ֆուտբոլիստ, ով համարվում է «Ռեալի» ոգին, երբեք չի արժանանա «Ոսկե գնդակին», անգամ մոտ չի կանգնի, քանի դեռ կան Ռոնալդուն ու Մեսսին: Արդա՞ր է… չգիտեմ:

Ռոնալդուն կասի, որ նա նախորդ տարվա չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է, նրան չսիրողները կասեն՝ այո, որոնցից միայն չորս գնդակը նա խփել է Մալմոյին: Ռոնալդուն կհավելի, որ նա Եվրոպայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն էր… Ռոնալդուն կասի, այո ես լավագույնն եմ աշխարհում ու անելու եմ ամեն բան, որպեսզի դառնամ պատմության լավագույն ֆուտբոլիստը: Նման բան երբեք չեն ասել Մեսին, Մարադոնան, Քրոյֆը: Եվ հենց դրանում է իրական Ռոնալդուն: Սիրենք նրան, թե չսիրենք, նա իրեն շատ է սիրում եւ այնքան շատ, որ այսօրվա դրությամբ երեւի թե ֆուտբոլի պատմության ամենաաշխատասեր ֆուտբոլիստներից մեկն է:

Շատերն ասում են՝ Ռոնալդուի բախտը չի բերել, նա ծնվել է Մեսսի հետ նույն ժամանակ: Բայց պորտուգալացին Մեսսիին զիջում է միայն մեկ Ոսկե գնդակ, շատ անհատական նվաճումներում էլ անգամ գերազանցում է: Մեսսիին Աստված է օժտել բնատուր տաղանդով եւ ֆուտբոլը նրա արյան ու բջջիջների մեջ է, իսկ Ռոնալդուն ինք իրեն է ստեղծել՝ քրտանաջ աշխատանքի, հզոր աշախատասիրության եւ ամեն հարցում լավագույնը լինելու ձգտման շնորհիվ:

Հետաքրքիր բան է ստացվում, ֆուտբոլային աշխարհի մեծամասնությունը ընդունում է, որ Ռոնալդուն զիջում է Մեսսիին, բայց նաեւ ընդունում է, որ Ռոնալդուն չափից դուրս լավն է երկրորդը լինելու համար: Եվ դա լիովին ապացուցելու համար նա դեռ ժամանակ ունի: Իսկ մեզ մեծ բախտ է վիճակվել այս ուժեղագույն դիմակայության ականատեսը լինելու:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ