ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթում ամերիկացիներին կոչ է արել պաշտպանել ժողովրդավարությունը, իսկ ելույթի վերջում չի կարողացել արցունքները զսպել:

Ելույթում նա ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը համարել է ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքներից մեկը, փոխանցում է BBC-ն:

Նա եւս մեկ սպառնալիք է համարում քաղաքական գործիչների կողմից փաստերի միտումնավոր ընտրությունը, երբ կարծիքները հիմված չեն «որոշ ընդհանուր ելակետային փաստերի վրա»: Որպես օրինակ նա բերել է կլիմայի փոփոխության խնդիրը, որի ուղղությամբ աշխատել է իր վարչակազմը, եւ որի նկատմամբ ցուցադրական անտարբեր է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ հեռացող նախագահը հիշեցրել է օրենքների եւ մարդու իրավունքների պահպանման վրա հիմնված աշխարհակարգին կրոնական մոլեռանդների եւ արտասահմանյան ավտորիտարիզմի կողմից սպառնացող վտանգի մասին:

Բարաք Օբաման հրաժեշտի ելույթով հանդես է եկել Չիկագոյում՝ «Մակքորմիք փլեյս» կոնգրես-կենտրոնում: Նա հայտարարել է, որ ցանկանում է ելույթ ունենալ ոչ թե Սպիտակ տանը, այլ Չիկագոյում, «որտեղ ամեն ինչ սկսվել է». նա այստեղ է գտնվել, երբ նրան հայտնել են 2008-ի նախագահական ընտրություններում իր առաջին հաղթանակի մասին:

Նրա հետ կոնգրես-կենտրոն էին եկել առաջին տիկին Միշել Օբաման եւ փոխնագահ Ջո Բայդենը՝ կնոջ հետ: Դահլիճում մոտ 20 հազար մարդ էր հավաքվել: Նախապես միջոցառման տոմսերն անվճար են բաժանվել, ավելի ուշ համացանցում վերավաճառողներից ձեռք բերվող տոմսի գինը հազար դոլարից անցել է:

Օբաման արցունքները չի կարողացել զսպել, երբ ամբիոնից դիմել է կնոջը՝ Միշելին. «Վերջին 25 տարիներին դու ոչ միայն իմ կինն ես եղել եւ երեխաներիս մայրը, դու իմ լավագույն ընկերն ես եղել… Ես քեզանով հպարտանում են: Ամբողջ երկրին է քեզանով հպարտանում»: