News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հունվարի 10-ին հայտնեց, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը այսուհետ կունենա այլ ձեւաչափ, ինչ էլ իր հերթին նշանակում է՝ ֆուտբոլում կլինեն մեծ փոփոխություններ: Այսուհետ 32 թիմերի փոխարեն առաջնությանը կմասնակցեն 48-ը: Կլինեն 16 խմբեր՝ յուրաքանչյուրում երեքական թիմ: Ամեն խմբից դուրս կգա երկու թիմ: Կլինի 1/16 եզրափակիչ: Առաջնությունը, ինչպես եւ առաջ էր, կտեւի 32 օր:

Այսքանը պարզ է, բայց հարց է առաջանում, սա լա՞վ է, թե՝ ոչ: Լավ ու վատ հասկացություններ  ֆուտբոլում չկան, բայց կշեռքին դնելով բոլոր «կողմերն» ու «դեմերը»՝ տեսնենք, թե ինչ կտա  ԱԱ-ի մասնակից թիմերի ավելացումը համաշխարհային ֆուտբոլին:

Սկսենք «կողմերից».

Բնականաբար, այն որ ավելի շատ երկրներ կկարողանան մասնակցել ԱԱ-ին, մի կողմից ուրախացնում է: Օրինակ ԱԱ 2018-ի ընտրափուլում Ֆրանսիան կամ Հոլանդիան գուցե խմբից դուրս չգան, կամ Իտալիան ու Իսպանիան, որոնք մի խմբում են: Կամ էլ հիշենք, երբ անցումային խաղում Պորտուգալիան հաղթեց Շվեդիային՝ Զլատանի Շվեդիային: Որքան ցավալի էր, չտեսնել այդ թիմը ԱԱ 2014-ին:

Կլինեն երկրներ, որոնք առաջին անգամ կմասնակցեն աշխարհի առաջնությանը, ինչպես 2014-ին Բոսինա եւ Հերցեգովինան էր: Այսինքն մոլորակի ինչ-որ հատվածում ինչ-որ մի երկրի բնակչության կյանքի միջին տեւողույթունը կերկարի մի քանի տարով:

ԱԱ 1998 նույնպես նորարարություն էր: Երբ 32 թիմ պետք է մասնակցեին Ֆրանսիայում կայանալիք խաղերին, շատերի կողմից այդ նորարարությունը վատ ընդունվեց: Բայց հենց այդ առաջնությունը դարձավ պատմության ամենագունեղներից մեկը: Ուստի արժե սպասել 9 տարի եւ տեսնել գուցե այս նորարարությունն էլ հաջողված լինի:

Գումարը… իհարկե, շատ հարցերում գլխավոր շարժառիթը հենց փողն է: Առաջնության աշխարհագրության լայնացման հետ ՖԻՖԱ-ն ակնկալում է հավելյալ 640 միլիոն եվրո աշխատել, որը կծախսի ֆուտբոլի զարգացման ծրագրերի վրա:

Հիմա նշենք «դեմերը».

Մասնակիցների թվի ավելացումը այնուամենայնիվ չի նշանակում որակ: Նախնական տվյալներով Եվրոպային կհատկացվի 16 տեղ, նախկին 13+1-ի փոխարեն: Դրա փոխարեն երկու անգամ կավելանան Ասիայի ու Աֆրիկայի երկրների տեղերը. Աֆրիկան 8,5, Ասիան 9,5: Հարավային Ամերիկան 4,5-ի փոխարեն կդառնա 6,5, ինչպես նաեւ Հյուսիսայինը, Օվկեանիայի 0,5 էլ կդառնա 1:

Արդյունքում Եվրոպայից միայն երկու-երեք թիմ կավելանա, իսկ ահա Ասիային մենք շատ հավանական է տեսնենք (եթե թիմերը անցնեին այս առաջնության ընտրական փուլի արդյունքներից ելնելով)  Ուզբեկստան, Իրան, ՕԱԷ, Սաուդիան Արաբիա ու Սիրիա ավելացած թիմերով: Նման պատկեր կլինի նաեւ Աֆրիկայից: Հիշենք այդ մայրցամաքը ներկայացնող Կամերունը ինչ շոու սարքեց ԱԱ 2014-ին, երբ ֆուտբոլիստները գումար էին պահանջում ֆուտբոլի ֆեդերացիայից  եւ լքեցին ԱԱ-ն անփառունակ:

Հյուսիսային Ամերիկայի խմբային փուլը կդառնա զուտ փաստացի: Այնտեղ միշտ կա ԱՄՆ-ն, Մեքսիկան, Կոստա Ռիկան , Հոնդուրասը, դե հիմա էլ կմիանան մեզ քաջ հայտնի  Գվատեմալան ու Սալվադորը, գուցե Կանադան… Մեզ, իհարկե, դա կուրախացնի՝ հեռավոր 2016-ին հաղթել ենք ԱԱ մասնակից թիմերի:

Հարավային Ամերիկայում, որտեղ ամենից թեժ պայքարն է ընթանում, քանի որ  արժանի թիմերը ավելի շատ են, քան տեղերը, երկու տեղ եւս կտրամադրվի: Դե Օվկիանիայից էլ կավելանա Նոր Զելանդիան, բայց ո՞վ գիտի գուցե Թաիթին կամ էլ Սողոմոնյան կղզիները:

Թե որքան երկրպագու կհավաքի հեռուստացույցի առջեւ  Սալվադոր – Թաիթի հանդիպումը, դժվար է գուշակել, բայց որ շատերին կկորցնի, նույնպես բացառված չէ:

Ստացվում է, որ Ջանի Ինֆանտինոն շեշտը դնում է, ոչ թե Եվրոպայի վրա, այլ Ասիայի ու Աֆրիկայի, ինչպես դա անում էր նրա նախորդը՝ Բլատերը, եւ հենց այդ երկրներից էլ ստանում իր համար անհրաժեշտ ձայները:

Այն որ խմբում երեք թիմ ունենալու դեպքում պայմանավորված խաղերի վտանգը կմեծանա նույնպես չի բացառվում՝ հատկապես երրորդ փուլի խաղերում: Այս պահին խմբային փուլում խաղում են չորս թիմեր: Վերջին տուրում բոլոր թիմերը խաղում են միաժամանակ: Եվ հիմնականում ամեն բան որոշվում է հենց այդ փուլում: Եթե լինեն երեք թիմ, որոնցից երկուսն էլ դուրս են գալու, ապա վերջին խաղում, երկու թիմերը կարող են հանգիստ համաձայնության գալ եւ դուրս թողնել այն թիմին, որը վերջին փուլի իր խաղն արդեն անցկացրել է: Սա, իհարկե, միայն այն դեպքում, երբ խմբում խճճված իրավիճակ է, ու վերջնական արդյունքի վրա ազդում է նաեւ գոլերի քանակը:

Ես որպես Եվրո 2016-ին մասնակցած լրագրող կարող եմ վստահեցնել, որ անգամ Ֆրանսիայի պես պետությանը չէր հաջողվում լուծել ֆուտբոլային խուլիգանների հարցը: Եվ դա դեռ 24 թիմերի դեպքում: Ամենուրեք պատահարներ էին գրանցվում: Առաջնության մասնակիցների թվի ավելացման հետ կավելանա նաեւ կարգապահություն ապահովելու խնդիրը: Դրանից բացի շատ քիչ երկրներ կկարողանան 48 թիմերի համար բազաներ տրամադրել, ընդունել այդքան երկրպագուների, ապահովել բոլորի անվտանգությունը:

Գումարը, որը ՖԻՖԱ-ն կհատկացնի ֆուտբոլի զարգացմանը, կօգնի զարգացող երկրներում կառուցել ֆուտբոլային դաշտեր, կբարելավվի ենթակառուցվածքը: Իսկ այժմ եկեք տեսնենք, թե քանի երկրներում են այդ զարգացման ծրագրերը մեծ պտուղներ տվել: Անհատների ու երբեմն որոշ թիմերի դա հաջողվում է, բայց նույն ՀԱՀ-ը որտեղ 2010-ին անցկացվեց ԱԱ-ն շատ հեռու է ֆուտբոլի զարգացման ծրագրերի պտուղը լինելուց:

Ստացվում է, որ ՖԻՖԱ-ն այդ գումարը կհատկացի զարգացող երկների ֆեդերացիաներին, ընտրությունների ժամանակ էլ նրանք իրենց խոսքը կասեն:

Գուցե դաժան հնչի, բայց ֆուտբոլի պատմությունը ապացուցել է, որ ֆուտբոլ սիրում են բոլոր ազգերը, բայց միայն մի քանի երկրներում է ֆուտբոլը գտնվում շատ բարձր մակարդակի վրա: Ձեռքի երկու մատերի վրա կարելի է հաշվել ֆուբոլային այն երկրներին, որոնք միշտ մրցունակ են: Եկեք համաձայնենք, որ Չեմպիոնների լիգայի ձեւաչափի փոփոխման հետ ֆուտբոլը չզարգացավ զարգացող երկրներում: Իսկ նրա դիտարժանությունը ավելի չաճեց: Խոստովանեք, որ շատերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Բարսելոնա – Բատե խաղերի ընթացքում սպասում են փլեյ-օֆներին, որտեղ Բավարիան խաղա Յուվենթուսի հետ, Բարսելոնան՝ Աթլետիկոյի եւ այլն: Ֆուտբոլը ֆուտբոլ է հենց իր գեղեցիկ պայքարով, այլ ոչ թե քանակով: Ֆուտբոլը խաղում են երկրպագուի համար, նրան հաճույք պատճառելու համար: Երբ հին Հռոմում  մարդիկ գնում էին գլադիատորների մենամարտերը դիտելու, նրանք միայն մի բան էին պահանջում կազմակերպիչներից՝ դիտարժանություն: Կարեւոր չէր գլադիատորների քանակը, կամ որ երկրից լինելու փաստը, պետք էր տեսնել ուժեղագույների պայքարը… Եվրո 2016-ը ցույց տվեց, որ այնտեղ կային շատ ավելորդ թիմեր: Իսլանդիայի կարգի թիմեր  հազարից մեկ, բայց լինում, են իսկ մյուսները զրկեցին առաջնութունը գեղեցկությունից:

Գուցե սա շատ միակողմանի սուբյեկտիվ կարծիք է, բայց իմ կարծիքով ֆուտբոլում էլ կան բաներ, որոնք պետք չէ փոխել…

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ