News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 11-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն ընդունել է ճապոնացի փորձագետ Հիրո Օկուդային, ով, որպես անկախ փորձագետ, համագործակցելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) հետ, Հայաստան է ժամանել «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում ծրագրի» վերջնական գնահատման նպատակով:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են,. որ ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի իրականացման ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հ. Օկուդան նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ ՃՄՀԳ-ի յուրաքանչյուր ծրագրի վերջնական գնահատմանը մասնակցում է անկախ փորձագետ, ինչը նպատակ ունի բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:

«Ես Հայաստան եմ ժամանել, որպեսզի անաչառ գնահատական տամ կատարված աշխատանքներին, ինչը ընդունված կարգ է ՃՄՀԳ-ում: Նշեմ, որ շատ տպավորված եմ նախնական արդյունքներից եւ կարծում եմ, որ անկախ փորձագետի գնահատականը, իսկապես, կարող է զգալիորեն նպաստել ծրագրի զարգացմանը», - եզրափակեց Հ. Օկուդան:

ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունն ավելի կամրապնդվի, եւ վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը կլինի շատ բարձր:

«Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, եւ յուրաքանչյուր օգնություն՝ մասնավորապես Ճապոնիայի նման բարեկամական երկրից, շատ գնահատելի է», - եզրափակեց ՓԾ տնօրենը:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային եւ մակերեւութային էլեկտրոնային տվիչների տեղադրման եւ չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի եւ Տավուշ մարզի Գետահովիտ համայնքները: Այս համայնքներում 2016 թ. իրականացվել են հորատման աշխատանքներ, որի միջոցով հեռացվում են գրունտային ջրերը, ինչը թույլ է տալիս զսպել սողանքային երեւույթների հետագա զարգացումները:

Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երեւան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր:

Ծրագրի շրջանակներում մշակվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիթորինգի համակարգ», որը իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մոնիթորինգի եւ հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ:

ՃՄՀԳ փորձագետները Ողջաբերդի գյուղապետարանում տեղադրել են համակարգիչ՝ հատուկ ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս թվային չափիչ սարքերի գրանցումները իրական ժամանակում ստանալ գյուղապետարանում:

Ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամները մասնակցել են նաեւ սողանքային աղետի կառավարման դասընթացներին, որն անց է կացվել երեք փուլով Ճապոնիայում:

Տպել
Ամենաշատ