News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը


Հետտոնական խումհարի մեջ գտնվող հայաստանյան քաղաքական դաշտն ակտիվացրեց Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի հարցը. արդյո՞ք Հանրապետական վարչապետն իրավունք կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել իր կուսակցության համամասնական ցուցակում։

Նոր Սահմանադրության համաձայն՝ պատգամավոր կարող է դառնալ միայն վերջին 4 տարիներին Հայաստանի քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանում մշտապես բնակվող անձը: Մինչդեռ Կարեն Կարապետյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է. 2011-2016 թվականներին «Գազպրոմ»-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, այսինքն՝ մշտապես Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել:

Ընդ որում՝ չորս տարվա մշտական բնակության դրույթը Նոր սահմանադրությամբ վերաբերում է նաեւ ապագա վարչապետի պաշտոնին։ Այսինքն՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀԿ-ն կարող է առաջադրել վարչապետի պաշտոնում, սակայն 2018 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանալուց հետո, նա այլեւս չի կարող առաջադրվել այդ պաշտոնում՝ 4 տարվա մշտական բնակություն չունենալու պատճառով: Չնայած փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում, ցանկության դեպքում, կարելի է շրջանցել նաեւ բարձրագույն օրենքի դրույթները։ Այս կապակցությամբ մամուլը հիշել է, թե ինչպես 1998 թվականին, այսպես կոչված, «ժեկի թուղթը» ճանապարհ բացեց նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի առջեւ:

Ոչ իշխանական երեք ուժեր փաստաթուղթ են ստորագրել եւ պահանջում են վաղաժամկետ դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորությունները: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության ստորագրած փաստաթուղթն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ եւ հիմնավորումներ ունի: Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցչի՝ կառավարությունն օրենքով լիազորված է վաղաժամկետ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները: Ինչ վերաբերում է քաղաքական մասին. կարեւոր է, որ ստեղծված իրավիճակի պատճառը ոչ թե ժամանակավոր որեւէ խնդիր է, այլ պայմանավորված է քաղաքական հայացքների եւ սկզբունքների խորը տարբերությամբ: Քաղաքական ուժերը կառավարությանն առաջարկում են ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել:

Արտակարգ պատահարների շարք Երեւանում՝ հոլիվուդյան թրիլերների ոգով: Կեսգիշերն անց հրազենային վնասվածքով եւ քթի կոտրվածքով հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու: Նրանք Երեւանի բնակիչներ են՝ 36-ամյա Արթուր Սեդրակյանը եւ 31-ամյա Ռոման Դավթյանը: Նրանք ի վիճակի չեն եղել բժիշկներին տեղեկություններ տալ կատարվածի մասին: Քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը որոնում է հանցագործությունը կատարողին կամ կատարողներին:

Իսկ Վարդանանց փողոցում գրանցված միջադեպի ժամանակ երկու երիտասարդ է դանակահարվել: Նրանցից մեկը՝ 19-ամյա Վահե Մուրադյանը, սրտի շրջանում սուր կտրող-ծակող առարկայի հարվածից մահացել է: Միջադեպի մյուս մասնակիցը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Քրեական գործ է հարուցվել:

Ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ Երեւանում: Շենգավիթի չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից կախված տղամարդու դի են հայտնաբերել: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած տղամարդը Սյունիքի մարզի 38-ամյա բնակիչ Աբրահամ Աղայանն է: Դեպքի վայրում նաեւ Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա են գտել: տղամարդը կյանքին վերջ է տվել՝ կախվելով մեքենայի ամրագոտիով: Աղայանն ամուսնացած էր, երկու երեխաների հայր, աշխատում էր որպես տաքսու վարորդ: Երեւանում բնակվում էր վարձակալական հիմունքներով:

Իսկ մայրաքաղաքի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող տարեց կինն ինքնասպանության փորձ է արել՝ պառկելով երկաթուղու գծերի վրա: 60-ամյա կինն ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Ողբերգական պատահար Արարատում: Կեսգիշերն անց արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել Այգեստան գյուղում հնարավոր հրդեհի մասին: Դեպքի վայր ժամանած հրշեջները բացել են տան դուռն ու հայտնաբերել 1927 թվականին ծնված քաղաքացու այրված դին: Հրդեհը ինքնամարվել է:

«Մեծ Հայկ տուր»-ի ուղեգրով Հայաստանից Թբիլիսի մեկնած 500 զբոսաշրջիկներ Ամանորի գիշերը փողոցում են հայտնվել: Տուրիստական ընկերության տնօրեն Վահագն Բարեղամյանը քաղաքացիներից վերցրել է փաթեթի գումարն ու անհետացել: Ընկերության առաջարկը՝ փոխադրում, մինչեւ Սուրբ Ծնունդ բարձրակարգ հյուրանոցում գիշերելու հնարավորություն, Ամանորի շքեղ ընթրիք՝ ինքնարժեքից միջինը 50 դոլար ցածր գնով, գրավել է քաղաքացիներին: Բայց Ամանորի գիշերը նրանք երեխաների հետ մեքենաների մեջ են անցկացնել, քանի որ նրանց անունները հյուրանոցում գրանցված չեն եղել: Քրեական գործ է հարուցվել, Վահագն Բարեղամյանը հետախուզվում է:

Միացյալ Նահանգների հեռացող նախագահի հրաժեշտի արցունքները: Բարաք Օբաման նախագահի պաշտոնում վերջին ելույթում խոսել է ռասիզմի, տնտեսական անհավասարության, կրոնական մոլեռանդության եւ արտասահմանյան ավտորիտարիզմի վտանգների մասին եւ, իհարկե, բաց չի թողել Թրամփին քննադատելու հերթական առիթը: Իսկ ամբիոնից կնոջը՝ Միշելին դիմելով՝ շնորհակալություն է հայտնել այս տարիներին ոչ միայն կինը, այլեւս լավագույն ընկերը լինելու համար ու չկարողանալով զսպել հուզմունքը՝ արտասվել:

Մեքսիկայում հունվարի 6-ին արտառոց ծնունդ է գրանցվել. 2 գլխով երեխա է ծնվել: Փոքրիկը 4 օր անց մահացել է: Իրականում տղան միաձվաբջիջ երկվորյակ է եղել: Հղիության ընթացքում պտղի մոտ 2 գլուխ, բայց մեկ մարմին է զարգացել: Բժիշկների խոսքով՝ պատճառը կարող է կա՛մ գենետիկ արատը լինել, կա՛մ հղիության առաջին երեք ամիսների ընթացքում մոր ընդունած դեղերի կողմնակի ազդեցությունը:

Հունվարի 11-ին դոլարի փոխարժեքը հասել է 485 դրամի սահմանագծին, փոխարենն էժանացել է եվրոն: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 510, ռուբլունը՝ 8 դրամ 7 լումա, ֆունտինը՝ 587 դրամ:

Հունվարի 12-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 15.12.2017
Տեւական ժամանակ շրջանառվող լուրերը, կարծես, իրականություն են դառնում. աջ ղեկով մեքենաները կարող են արգելվել...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 14.12.2017
«Ելք» դաշինքը նիստ է արել ու որոշել Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 13.12.2017
Լեւոն Ալթունյանի հայտարարությունը, թե Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25%-ը սեռական կյանքի փորձ ունի...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 12.12.2017
Կառավարությունը ցանկանում է 40 մլն դոլարի նոր վարկ վերցնել. բյուջեի դեֆիցիտն են ծածկելու...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 11.12.2017
Նախագահը չի ուզում որեւէ մեկին վախեցնել, բայց այսուհետ պաշտոնը չարաշահող համայնքապետերի հանդեպ ներողամիտ չեն լինելու...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 08.12.2017
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ակցիա է սկսել՝ պահանջելով, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news