Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազական համակարգերի միջեւ ձեւավորվել է համագործակցության բարձր մակարդակ: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 295-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
ՀՀ դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը ՌԴ դատախազության կազմավորման 295-ամյակի առթիվ, ընդգծել բարեկամ երկրների դատախազական համակարգերի միջեւ արդեն իսկ ձեւավորված սերտ համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հետագայում եւս այն կլինի շարունակական եւ արդյունավետ:
Յուրի Չայկան եւս շնորհավորել է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ իրավական ոլորտում համագործակցության ամրապնդումը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը:
Երկու երկրների դատախազները ընդգծել են, որ նմանատիպ ձեւաչափով հանդիպումները կամրապնդեն փոխըմբռնումը եւ կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը:
Հանդիպմանը քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ: