News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլում մեկ տարի առաջ ստամբուլահայ տարեց զույգի դեմ ավազակային հարձակում իրականացրած 3 հայաստանցիների համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել։

Թուրքական Aksam  պարբերականի փոխանցմամբ՝  Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 7–րդ դատարանում տեղի է ունեցել 2016–ի փետրվարի 6–ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ստամբուլահայ Հակոբ Դեմիրջիի եւ Սեթա Դեմիրջիի դեմ իրականացված հարձակման ու թալանի գործով դատավարությունը։

Դատախազը կալանքի տակ գտնվող 3 մեղադրյալներ՝ Արթուր Այվազյանի, Արամ Հովհաննիսյանի ու Սերգե Միքաելյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել, իսկ ստորագրությամբ ազատ արձակված մյուս մեղադրյալների համար արդարացում է պահանջել՝ շեշտելով, որ չկան բավարար ապացույցներ։

Մեղադրյալներից Սերգե Միքաելյանն ասել է, թե ինքը միայն դռան մոտ հետեւել է, որ մարդ չգա եւ պահանջել իրեն ազատ արձակել։ իսկ Մյուս երկու մեղադրյալներ Արթուր Այվազյանն ու Արամ Հովհաննիսյանն էլ պնդել են, որ իրենք միայն գողության նպատակով են մտել տուն եւ Հակոբ Դեմիրջիի մահվան հետ իրենք կապ չունեն։ Նրանք եւս պահանջել են իրենց ազատ արձակել։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։

Դեպքի հետ կապված ձերբակալվել են 8 կասկածյալ, որոնց մեծ մասը հայաստանցիներ են։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Շիշլիում ապրող 85-ամյա Հակոբ Դեմիրջիի եւ Սեթա Այլա Դեմիրջիի տանը որպես հավաքարար աշխատող հայաստանցի կինը զանգահարել է Հայաստանում գտնվող իր բարեկամներին՝ հայտնելով, որ հիշյալ տանը մեծ քանակությամբ զարդեր ու գումար կան։ Հենց հավաքարարն էլ կազմակերպել է ավազակային հարձակում իրականացնողների մուտքը տարեց հայ ամուսինների բնակարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ