News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


2017 թվականը բավական ծանր տարի է լինելու. կառավարության՝ այս տարվա առաջին նիստում ազդարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են հանգստացել կառավարության անդամներն ու հարցրել. արձակուրդները երկար չէ՞ին: Իսկ առաջին նիստի առաջին հանձնարարականը վերաբերում էր ներքին արտադրության խթանմանը: Հարկավոր է մեծացնել տեղական ապրանքների իրացման ծավալները, ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ, բայց այնպես անել, որ տնտեսական մրցակցության սկզբունքները չխախտվեն:

Պետք է նաեւ կարողանանք հնարավորինս էժան էլեկտրաէներգիա արտադրել ու շահավետ վաճառել: Առաջիկայում սպառման լայն շուկաներ ենք ունենալու. մի քանի տարի անց շահագործման կհանձնվեն դեպի Իրան եւ Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, եւ կկարողանանք ավելի հեշտ ու ավելի շատ արտահանել:

Կառավարությունում որոշել են ուսումնասիրել, թե որքան գազ են սպառում անապահով ընտանիքները: Արտեմ Ասատրյանը հիշեցրել է, որ անապահովների համար արտոնյալ սակագին է սահմանված՝ տարեկան 600 խ.մ.-ի սահմաններում: Այդ պատճառով առաջարկում են այսուհետ ընտանիքի անապահովությունը գնահատելիս հաշվի առնել նաեւ րանց կողմից գազի սպառման ծավալները: Կարեն Կարապետյանն այս վերահսկողությունը տեղին է համարում, քանի որ արդեն որոշ բացահայտումներ են արել:

Քննարկված մեկ հարց էլ վերաբերել է կրթության ոլորտին. վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների պայմանները եւ առաջարկներ ներկայացնել, թե ինչպես կարելի է բարելավել կրթական գործընթացի կազմակերպումը:

Կառավարությունը շարունակում է օպտիմալացումն ու պետության միջոցների տնտեսումը: Տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության համակարգչային կենտրոնը կփակեն եւ 2017 թվականին 9.2 մլն դրամ կտնտեսեն:

Կլուծարվի նաեւ Տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը: Արդյունքում տարեկան 37 մլն կտնտեսենք: Արդյո՞ք սա նշանակում է, որ մինչեւ հիմա այն անարդյունավետ է աշխատել եւ անիմաստ վատնել պետության փողերը: Նախարար Վահան Մարտիրոսյանը հավաստում է, որ կառույցը որոշ աշխատանքներ, ամեն դեպքում, արել է:

Մարտիրոսյանը նաեւ վստահեցրել է, որ այս օպտիմալացումը չի ազդի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի ուղղությամբ աշխատանքների վրա: Լրագրողները հետաքրքրվել են, թե այդ նախագիծն ի վերջո իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Նախարարի պատասխանը ցանկությունների շարքից էր:

Իսկ արդեն իրականացվող մեկ այլ ծրագրի՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության առաջին արդյունքներից Վահան Մարտիրոսյանը գոհ է: Անձամբ է երթեւեկել նորաբաց ճանապարհահատվածով ու տպավորվել է:

Երեւանի Վարդանանց փողոցում 19-ամյա Վահե Մուրադյանի սպանության կասկածանքով նոր ձերբակալվածներ կան: Երեկ ուշ երեկոյան բերման էր ենթարկվել 20-ամյա Կարեն Չատիկյանը: Նա ձերբակալված է: Ավելի ուշ վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել նաեւ Գեւորգ Տերտերյանը, Դավիթ Մանձիկյանը եւ Սերգեյ Գրիգորյանը: Իրավապահները որոնում են եւս երկու անձի՝ Քաջիկ Հակոբյանին եւ Անրի Ալեքսանյանին, ինչպես նաեւ հանցագործության գործիք դանակը:

Հիշեցնենք, որ Վահե Մուրադյանը մահացել է սրտի շրջանում սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետեւանքով: Ձախ սրունքի կտրած-ծակած վնասվածքով էլ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանը:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունից երկու տարի անց սպանվածների հարազատները շարունակում են կարծել, որ իրական հանցագործները պատժված չեն: Համոզված են, որ սպանության մեջ մեղավոր ճանաչված Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել: Իրավիճակի մեղավորը սպանվածների հարազատներն իշխանությանն են համարում: Ասում են՝ դատավարությունը շինծու է եւ կարծում են, որ Հայաստանի իշխանություններն այս դատական գործընթացում չկարողացան պատշաճ կերպով պաշտպանել իրենց իրավունքները։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ գնդակահարել ընտանիքի 6 անդամներին, փոքրիկ Սերյոժային էլ՝ դանակահարել: Պերմյակովը ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Մահացու վրաերթ Երեւանում: Գայի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 74-ամյա Անիկ Ավետիսյանին: Վարորդը՝ Կոտայքի մարզի Ձորավան գյուղի 39-ամյա բնակիչ Մնացական Զիլիֆյանը, փախուստի չի դիմել: Նա կնոջը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է հասցրել, սակայն գիտակցության չգալով՝ տուժածը մահացել է:

Իսկ Բագրատունյաց փողոցում 68-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկողը փախուստի է դիմել: Տուժածին մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ վրաերթը կատարել է 25-ամյա Արտյոմը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Նա բերման է ենթարկվել:

Երեւանում բանկոմատի պայթեցման եւ հափշտակության գործը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալված է: Պարզվում է՝ նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում է աշխատում: Բանկոմատը պայթեցրել էին անցյալ տարվա դեկտեմբերին ու 7.5 միլիոն դրամ հափշտակել: Կարճ ժամանակ անց էլ պայթուցիկ նյութեր էին հայտնաբերվել Բաղրամյան փողոցում գտնվող մեկ այլ բանկոմատի կողքին: Այստեղ իրավապահները գազի եւ թթվածնի համար նախատեսված բալոններ էին գտել:

Հունվարի 12-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 516, ռուբլունը՝ 8 դրամ 18 լումա, ֆունտինը՝ 595 դրամ:

Հունվարի 13-ին հանրապետության առանձին շրջաններում թույլ ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը կեսօրից թույլ ձյուն է սպասվում, գիշերն ու առավոտյան՝ մառախուղ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ