News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 16-ին, իսկական երաժշտամոլները լսում են Yesterday, Yellow Submarine, Let It Be եւ բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահանրաճանաչ երաժշտական խմբի՝ լեգենդար լիվերպուլյան քառյակի այլ ստեղծագործությունները:

2001 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունվարի 16-ին նշվում է The Beatles-ի համաշխարհային օրը: Օրն, անշուշտ, պատահաբար չի ընտրվել: 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվել է The Cavern ակումբը, որտեղից փառքի իրենց ճանապարհն են սկսել այդ ժամանակ դեռեւս բոլորին անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մակքարթնին եւ Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի անց նրանց է միացել եւս մեկ ապագա «բիթլ»՝ Ռինգո Սթարը:

Ավելի ուշ հունվարի 16-ին The Beatles-ի պատմության մեջ գրանցվել է եւս մեկ նշանակալից իրադարձություն. 1964 թվականին այդ օրը Cashbox ամսագիրը ամերիկյան հիթ շքերթի առաջին տեղը շնորհել է I Want To Hold Your Hand երգին՝ ընդամենը 10 օրում մեկ մլն տպաքանակով սինգլի տարածումից հետո:

The Beatles-ն իր սովորական կազմով 8 տարի է աշխատել: Այդ ընթացքում խումբը պաշտոնապես թողարկել է 13 ալբոմ, որոնց յուրաքանչյուր երգը իսկական հիթ է դարձել: Սկսելով ամերիկյան դասական ռոք-ն-ռոլի նմանակումից (քառյակի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է, օրինակ, Էլվիս Փրեսլիի ստեղծագործությունը)՝ The Beatles-ն անցել է սեփական ոճի: Խումբը համաշխարհային ճանաչում է ստացել 1963 թվականին Please Please Me սինգլի թողարկումից հետո: Այդ պահից ի վեր մոլորակում խելացնորություն է սկսվել, որն ստացել է «բիթլամոլություն» խոսուն անունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ