Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու կամ հետագայում այլ պաշտոն վարելու մասին մամուլի հրապարակումները:

«Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք հնչում են այս օրերին, շատ հստակ պատասխաններ արդեն ունեն: Հատկապես ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա երկրի ղեկավարը համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց, որ ընտրություններում  հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում եւ գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, եւ նրանք, որոնք փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետեւից ընկնելով են դա անում»,- այս մասին «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքով, ինքն անձամբ ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն. «Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակելու այս աշխատանքը այնքան ժամանակ, որքան հնարավոր  կլինի`  մեր  զինված ուժերի  կարողությունները ամրապնդելու, մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»: