News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 եւ ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:

Հովհաննես Այվազովսկի-200

Հովհաննես Այվազովսկի (1817-1900 թթ.), աշխարհահռչակ ծովանկաիչ, հայկական եւ ռուսական արվեստի դասական:

Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում: Ուսումը շարունակել է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, այնուհետեւ՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1844 թ. Ռուսաստանում արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչման, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ, իսկ 1857 թ. Ֆրանսիայում արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի:

Այվազովսկին ճանապարհորդել է տարբեր երկրներում՝ ցուցահանդեսներին ներկայացնելով իր կտավները: Համաշխարհային ճանաչում է ստացել իր ծովանկարներով: Հայկական թեմաներով ստեղծել է տասնյակ կտավներ, որոնք ներթափանցված են խոր հայրենասիրությամբ եւ հումանիզմով:

Ծավալել է բարեգործական գործունեություն. ապաստան է տվել եւ նյութապես օգնել է 1890-ական թթ. Արեւմտյան Հայաստանում հայկական կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին, օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին: Իր ծննդավայրում՝ Թեոդոսիայում, բացել է Գեղարվեստի դպրոց, որն այժմ կրում է իր անունը, աջակցել է հնագիտական թանգարանի նոր շենքի, գրադարանի, համերգային դահլիճի կառուցմանը:

Այվազովսկու շուրջ 6000 կտավ պահվում է աշխարհի նշանավոր թանգարաններում։

Նրա գործերի խոշոր հավաքածուն գտնվում էԹեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատկերասրահում։ Հարուստ է նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն: 

Դիմերես՝ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից դրվագ:

Դարձերես՝ Հովհանես Այվազովսկու դիմապատկերը:

Ալեքսանդր Մանթաշյան-175

Ալեքսանդր Մանթաշյանը (1842-1911 թթ.) հայ նշանավոր գործարար է եւ բարեգործ:

Զբաղվել է նավթի արտահանմամբ: Հիմնել է բաժնետիրական «Ա. Ի. Մանթաշեւ եւ ընկ.» նավթարդյունաբերական եւ առեւտրական ընկերությունը, որը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առեւտրաֆինանսական գործարքներ եւ կուտակել մեծ կարողություն:

Իր առեւտրային գործունեությունը Մանթաշյանը զուգակցել է հասարակական եւ բարեգործական գործունեության հետ։ Հովանավորել է Կովկասի ամենախոշոր որբանոցը, մեծ միջոցներ տրամադրել տարածաշրջանում հայկական դպրոցների կառուցման եւ վերանորոգման համար: Մանթաշյանի հովանավորությամբ են Ռուսաստանի եւ Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ երիտասարդներ, որոնցից շատերը դարձել են գիտության, մշակույթի, արվեստի եւ գրականության հայտնի գործիչներ՝ Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր եւ Կոնստանդին Խատիսյանները, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Սիամանթոն, Հակոբ Մանանդյանը եւ ուրիշներ:

Մանթաշյանը ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթամուղի շինարարությունը, տասնյակ շենքերի եւ հայկական եկեղեցիների կառուցումը Երեւանում, Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Նրա միջոցներով է վերանորոգվել Սբ Էջմիածնի Մայր տաճարը եւ Փարիզի կենտրոնում կառուցվել Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

1895 թ. Մանթաշյանը ընտրվել է Կովկասի հայ բարեգործական ընկերության ցկյանս պատվավոր նախագահ։

1904 թ. Ֆրանսիայում ծավալած մարդասիրական գործունեության համար Մանթաշյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի:

Դիմերես՝ Հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) եւ «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը:

Դարձերես՝ Երեւան քաղաքում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը եւ Մանթաշյանի ստորագրությունը:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ

1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։

Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայ երիտասարդի ոչ միայն պատվի գործն է, այլեւ կոչումը։ Հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսանհինգ տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության եւ ժողովրդի հանդեպ. ոչ մի վայրկյան չի թուլացրել զգոնությունը, կանխել է բոլոր տեսակի ոտնձգությունները՝ հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը: 

Հայոց բանակը կազմավորվել է անկախ պետականության վերականգնման ժամանակաշրջանում, հաղթահարել ծանրագույն փորձություններ՝ դառնալով հայ ժողովրդի անվտանգության պահմանման կարեւորագույն երաշխիքը եւ ամենա մեծ ձեռքբերումը։

Դիմերես՝ ՀՀ զինանշանը:

Դարձերես՝ ՀՀ պետական պարգեւներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը:

Շուշիի ազատագրման 25-ամյակ

Շուշի քաղաքը (Արցախի Հանրապետություն)հայկական մշակույթի կարեւոր կենտրոններից մեկն է:

Գտնվելով պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի դժվարամատչելի վայրում՝ Շուշին հնուց ի վեր ունեցել է ռազմավարական կարեւոր նշանակություն. պարսպապատվելով վերածվել է ամուր բերդաքաղաքի եւ բազմիցս դիմակայել օտար զավթիչների հարձակումներին:

Շուշին կարեւոր դերակատարում է ունեցել նաեւ որպես ուսումնակրթական կենտրոն: 18-19 դարերում Շուշին հայտնի էր իր հարուստ մշակութային կյանքով. զարգացում էին ապրում գրականությունը, երաժշտությունը, ճարտարապետությունը: Քաղաքում գործում էին մեծ քանակությամբ տարատեսակ գրական եւ երաժշտական ընկերություններ:

 Շուշիում են ծնվել հայ մշակույթի, ազատագրական շարժման, պետական, ռազմական բազմաթիվ հանրաճանաչ գործիչներ:

1921 թ. Շուշին, վԼեռնային Ղարաբաղի կազմում, խորհրդային իշխանությունների որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին: Տասնամյակների ընթացքում ծավալվող հայաթափման քաղաքականությունը հանգեցրել է հայերի ազատագրական պայքարի կազմակերպմանը: Ա. Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992 թ. մայիսի 9-ին ազատագրել են Շուշին:

Դիմերես՝ Շուշի քաղաքի զինանշանը:

Դարձերես՝ Արցախի Հանրապետության զինանշանը եւ պետական պարգեւներից մեկը՝ «Մարտական խաչ» շքանշանը:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ

1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։

Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայ երիտասարդի ոչ միայն պատվի գործն է, այլև կոչումը։ Հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսանհինգ տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ. ոչ մի վայրկյան չի թուլացրել զգոնությունը, կանխել է բոլոր տեսակի ոտնձգությունները՝ հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը:

Հայոց բանակը կազմավորվել է անկախ պետականության վերականգնման ժամանակաշրջանում, հաղթահարել ծանրագույն փորձություններ՝ դառնալով հայ ժողովրդի անվտանգության պահմանման կարևորագույն երաշխիքը և ամենամեծ ձեռքբերումը։

Դիմերես՝ ՀՀ զինանշանը:

Դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը:

Համո Բեկնազարյան-125

Համո Բեկնազարյանը (1892-1965 թթ.) հայ նշանավոր կինոռեժիսոր է, կինոսցենարիստ, հայկական կինեմատոգրաֆիայի եւ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիրը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935 թ

1925 թ. հաստատվել է Հայաստանում եւ հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան, որը 1966-ից կոչվում է նրա անունով։ 1925 թ. նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»: Սցենարի հեղինակ է եւ ռեժիսոր հայկական առաջին կինոկատակերգության՝ «Շոր եւ Շորշոր», առաջին պատմահեղափոխական ֆիլմերի, որոնք հայկական համր կինոյի լավագույն նմուշներից են:

Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի եւ գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը:Ստեղծել է ֆիլմեր՝ նվիրված հայ ժողովրդի 18-19դդ. ազգային-ազատագրական պայքարին, Հայաստանի քաղաքացիական կռիվներին:

Բեկնազարյանի, ինչպես եւ հայկական ազգային կինեմատոգրաֆիայի նվաճումը «Պեպո» կինոնկարն է՝ հայկական առաջին հնչուն ֆիլմը, որն ըստ արժանվույն տեղ է գտելխորհրդային կինոյի ոսկե ֆոնդում: 

Բեկնազարյանն իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայկական կինոարվեստի զարգացմանը, իսկ կինոնկարների էպիկական ոճն ու ազգային ինքնատիպությունը բացառիկ տեղ են ապահովել նրան հայկական կինոյի պատմության մեջ:

Դիմերես՝ դրվագ «Պեպո» ֆիլմի պաստառից եւ կինոժապավեն:

Դարձերես՝ Համո Բեկնազարյանի դիմապատկերը եւ տեսախցիկ:

Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ

Մխիթարյան միաբանությունը հայ կաթոլիկ եկեղեցու վանականների հոգեւոր, ուսումնակրթական, գիտական եւ մշակութային կազմակերպություն է. հիմնադրել է Մխիթար Սեբաստացին1701 թ. Կոստանդնուպոլսում։ 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սուրբ Ղազար կղզում։ Վատիկանը Մխիթար Սեբաստացուն ճանաչել է միաբանության առաջնորդ, նրան շնորհել աբբահոր կոչում: 1732 թ. Սուրբ Ղազարում հիմնվել է վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր:1789 թ. հիմնվել է միաբանության տպարանը:      Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է համաշխարհային եւ հայ դասականների բազմաթիվ գործեր, հայագիտական-բանասիրական, կրոնական, գիտական այլ աշխատություններ, նաեւ պարբերականներ:

2000 թ. տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի եւ Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել եւ ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին դարձել է Վենետիկի Սուրբ Ղազար Մայրավանքը:

Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:

Դիմերես՝Վենետիկի Մխիթարյան միաբանության զինանշանը, Վենետիկ քաղաքի խորհրդանիշը՝ առյուծի տեսքով եւ Սբ Ղազար կղզու պատկերը՝ հայերեն եւ իտալերեն մակագրություններով:

Դարձերես՝Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքի աշտարակը եւ  Մխիթար Սեբաստացու արձանը: Ֆոնին՝ վանքի մուտքի ապակենախշն է:   

ՀԱՊ-25 եւ ՀԱՊԿ-15

Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊ շրջանակներում անդամ-պետությունների համագործակցության զարգացման միտումները հանգեցրել են 2002 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծմանը:           

ՀԱՊԿ անդամ-պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Տաջիկստանի Հանրապետությունը: 

ՀԱՊԿ գործունեության հիմնական սկզբունքներն են՝ անդամ-պետությունների անվտանգության համատեղ պաշտպանությունը, կայունությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:

Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում են՝ ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական մոտեցումների համադրմանը, պաշտպանական ներուժի ամրապնդմանը եւ մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանն ուղղված նախաձեռնությունները:

Դիմերես՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների դրոշների ոճավորված պատկերները:

Դարձերես՝ՀԱՊ եւՀԱՊԿ տարեդարձերի նշումով պատկերանիշը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ