Հարավկորեացի գործարարը, որին Ֆիլիպիններում առեւանգված էին համարում, իրականում մեկ տարի առաջ սպանվել է տեղի ոստիկանների կողմից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռյոնհապ գործակալությունը:
Մանիլայում Հարավային Կորեայի դեսպանությունը մտադիր է Ֆիլիպինների ԱԳ նախարարին բողոքի նոտա փոխանցել եւ մանրակրկիտ հետաքննություն պահանջել:
Ավելի վաղ ֆիլիպինյան մամուլը հայտնել էր, որ 53-ամյա Չի Իկ Չուին Անջելես Սիթիում գտնվող իր տնից առեւանգել են մի քանի անձինք, այդ թվում՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարող ոստիկանները:
Անհետանալուց երկու շաբաթ անց Չի Իկ Չուի ազգականներն առեւանգողներից հեռախոսազանգ են ստացել եւ որպես փրկագին 100 հազար դոլար վճարել: Բացի այդ՝ հանցագործները գումար են հանել նաեւ իրենց զոհի բանկային հաշվից: