Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը աբստրակտ չէ եւ «բացառապես Ադրեջանի ներքին գործի թեմա» չէ: Այս մասին 2016-ի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախարարը հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին հակամարտության սրումից հետո, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու եւ անմիջապես շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների թվի մեծացման անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Ցավոք, նույնիսկ այսպիսի տարրական բանը՝ մեխանիզմների ստեղծումը եւ դիտորդների թվի մեծացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում առայժմ կոնսենսուս չկա»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ կոնսենսուսի բացակայության պատճառների մասին «պետք է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայուցուցիչներից»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ որոշումների ամբողջ հավաքածո կա, առաջին հերթին՝ որոշումներ, որոնք հակամարտության թեժացման պահին ընդունվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում եւ կրակի դադարեցում են պահանջել»,- հիշեցրել է Լավրովը:
Ամփոփելով՝ նա ասել է, որ «պահպանվում է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, բայց ոչ մի դեպքում ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու դեպքում»: Նա եզրափակել է՝ հայտարարելով, որ այս ամնենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, նաեւ հայտարարություններում եւ փաստաթղթերում, որոնք ընդունվել են եւ ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից: «Այնտեղ վեճերի խաղաղ կարգավորման մասին նշված է առանց երկիմաստության»,- ընդգծել է Լավրովը:
Նա նշել է, որ տարածաշրջանում արյունահեղ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2016-ի ապրիլին, խորը տագնապ են հարուցում: Ըստ որում՝ հիշեցրել է, որ «Ռուսաստանը կարեւոր դերակատարում է ունեցել այդ արյունահեղությունը այդ պահին դադարեցնելու հարցում»:





























