News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպության, «Մոնակոյի հումանիտար խմբի» եւ «Մոնակոյի Կարմիր խաչի» համագործակցությամբ սկիզբ առած նախաձեռնության շրջանակներում2016թ. տարեվերջին Մոնակոյի սրտաբանական կենտրոնում տեղի է ունեցել առաջին հայ մանկան սրտի վիրահատությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն մեծ հաջողությամբ կատարել են դոկտոր Օլիվիե Ռայսկին եւ դոկտոր Ֆրանսուա Բուրլոնը:

Ծրագրի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել նաեւ Մոնակոյի իշխանությունները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը եւ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

«Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ. հուլիսին` Սրտի եւ կրծքավանդակի վիրահատության Մոնակոյի կենտրոնի վիրաբույժ, հայ պրոֆեսոր Արման Էկերի նախաձեռնությամբ: Կազմակերպության պատվո նախագահն է Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը, իսկ պատվավոր հովանավորը` ծագումով հայ երգչուհի Էլեն Սեգարան:

Նշենք, որ հայազգի հայտնի վիրաբույժ Արման Էկերը 2015թ. սեպտեմբերին այցելել է Հայաստան, որի շրջանակներում հանդիպում էր ունեցել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ ներկայացրել իր կազմակերպության գործունեությունը:

Կազմակերպության նպատակն է Հայաստանի խիստ անապահով ընտանիքների` սրտի բարդ պաթոլոգիաներով հիվանդ երեխաների բուժման կազմակերպումը Մոնակոյի սրտաբանական կենտրոնում, որոնց վիրահատական բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում: Երեխաների փոխադրումն իրականացնում է «Ավիացիա առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը, որից հետո նախավիրահատական եւ հետվիրահատական ապաքինման շրջանը վիրահատության մեկնած երեխան անցկացնում է նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքում:

Կազմակերպությունը նախատեսում է իրականացնել տարեկան մինչեւ 10 երեխայի բուժում:

Տպել
Ամենաշատ