Բրիտանական Rolls-Royce հոլդինգը, որը մասնագիտացած է ավիացիայի, նավերի եւ էներգետիկ հատվածի համար սարքավորումների արտադրության ոլորտում, համաձայնեցրել է Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կարգավորիչներին մոտ 810 մլն դոլարի վճարումը՝ կոռուպցիոն գործի կարգավորման շրջանակում: Այս մասին հայտնում է DW-ն:
Խոսքը «արտասահմանյան որոշ շուկաներում միջնորդների մասնակցությամբ կաշառքի եւ կոռուպցիայի» դեպքերի մասին է: Խոշոր չափերի խարդախության դեմ պայքարի բրիտանական ծառայությունը (SFO) Rolls-Royce-ի դեմ հետաքննությունը սկսել է 2012 թվականին: Երկու տարի հետո կոռուպցիայի կասկածանքով հոլդինգի վերաբերյալ ստուգումներ են նախաձեռնել ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը եւ Բրազիլիայի դաշնային դատախազությունը: SFO-ն կստանա մոտ 615 մլն դոլար, ամերիկյան գերատեսչությունը՝ 170 մլն, իսկ Բրազիլիայի դատախազությունը՝ մոտ 25,5 մլն դոլար: