News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 16-ին, կեսգիշերին մոտ Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Գուրգեն Սարգսյանը: Նա Ստեփանակետի հոսպիտալում է, վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Պատահարի որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Գուրգեն Սարգսյանին հրազենային վիրավորում հասցնելու մեջ կասկածվում է կրտսեր սերժանտը: 19-ամյա Գուրգենը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից է: Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում պատմեց, որ երիտասարդը շատ գոհ էր ծառայությունից, երբեք որեւէ բողոք չի ունեցել, նույնիսկ լավ ծառայության համար ամռանն արձակուրդ են տվել:

Արարատի մարզի Այգեստան գյուղում այսօր տեղի է ունեցել զինվորական հոսպիտալում նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի հոգեհանգիստը: 20-ամյա զինծառայողը ծանր վիրավորվել էր 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, հակառակորդի կրակոցից: Օրեր առաջ հարազատներին հայտնել էին, որ երիտասարդը վերջապես գիտակցության է եկել, սակայն նրա ուղեղի վրա այտուց էին հայտնաբերել:

Գարիկ Վարդանյանն ընտանիքի ավագ որդին էր, հունվարի 17-ին պետք է զորացրվեր: Արցախի նախագահի հրամանագրով՝ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարեց. վերադառնում է քաղաքականություն: Նա նշել է, որ իշխանության չի ձգտում, բայց իր հեռանալուց հետո, նրա համոզմամբ, քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ այդպես էլ չի կարողացել լրացնել: Վստահ է, որ անելիք ունի, որ կարող է փոփոխություններ ապահովել: Դա նաեւ իր անձնական պարտքը, ավելին, իր խաչն է համարում:

Այս հայտարարությանը հետեւեցին տարբեր ենթադրություններ ու կանխատեսումներ: Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանին միանան ՀԱԿ-ը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, փոխարենը չի կարծում, որ նրա հետ նույն թիմում աշխատելու ցանկություն հայտնեն Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը: Մամուլի տեղեկություններով էլ՝ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչեւ վերջ համաձայնեցված չի եղել, եւ հիմա իշխանությունը ստիպված կլինի քաղաքական դաշտի նոր դասավորություն մտածել այլ ուժերի համար։

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական միավորում են կազմել: Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետությունն» ու Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունն ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Երեք կուսակցությունները համագործակցության համաձայնագիր են կնքել: Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «դաշինքը բաց է եւ պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի եւ միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները եւ տեսակետները»։

Իսկ Սեյրան Օհանյանը շարունակում է իր գործունեության մասին առայժմ միայն Facebook-ի միջոցով տեղեկացնել: Սոցցանցում հերթական հրապարակմամբ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է, որ այսօրվանից փոփոխությունների փուլի մեկնարկն է տալիս: Վստահ է, որ հանրությունը սպասում է դրան: Օհանյանը շարունակում է նաեւ քաղաքական խորհրդակցությունները, սակայն հանդիպումների մասին չի մանրամասնում: Փոխարենը «Համախմբում» կուսակցությունից են հայտնել, որ այսօր նա հանդիպել է «Համախմբման» ղեկավար Վարդան Օսկանյանի հետ:

Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին երկօրյա այցով Ռուսաստան կմեկնի: Ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւն է հրավիրել: Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են պաշտոնական հանդիպումների եւ քննարկումների մասին: 

Իսկ մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ ռուսական կողմը ջանք չի խնայում՝ Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի աչքում Կարապետյանի վարկանիշը բարձրացնելու համար: Նույնիսկ պատրաստվում են մեծ ներդրումներ անել՝ շուրջ 300 միլիոն չափով: Մամուլը նաեւ Կարապետյանի ակտիվ գործունեության արդյունքում նրա ուղղությամբ «գլորումներ» է նկատել, մինչդեռ նախկինում լրատվական դաշտն անգամ համերաշխություն էր դրսեւորում նորանշանակ վարչապետի նկատմամբ:

Կարո Փայլանի դեմ հայց են ներկայացրել դատարան: Պահանջում են նրան զրկել պատգամավորական մանդատից եւ Թուրքիայի քաղաքացիությունից: Պատճառը հայազգի պատգամավորի ելույթն է. նա «համարձակվել» է խորհրդարանում «ցեղասպանություն» բառն օգտագործել, ինչը թուրք ժողովրդի հասցեին վիրավորանք են որակել: Օրերս Կարո Փայլանը մեջլիսում խոսել էր Հայոց ցեղասպանությունից, ինչից հետո խորհրդարանական երեք կուսակցությունների պատգամավորներն իրար հերթ չտալով՝ քննադատում են հայազգի գործչին: Նրան արդեն զրկել են խորհրդարանի երեք նիստի մասնակցելու իրավունքից:

Երեւանում բնակարաններից մեկում դի են հայտնաբերել: Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին, հարեւաններն էլ դիմել են փրկարարների օգնությունը: Բացելով բնակարանի դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել են 75-ամյա Լ.Ղ.-ի դին:

Հունվարի 17-ին դոլարը հատել է 486 դրամի սահմանը, թանկացել են նաեւ եվրոն ու ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 519, ռուբլունը՝ 8 դրամ 21 լումա, ֆունտինը՝ 591 դրամ:

Հունվարի 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Որոշ շրջաններում մառախուղ կլինի: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը թույլ ձյուն է սպասվում, ամպամածություն եւ մառախուղ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ