News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ավան համայնքում իսկական իրարանցում է: Ինչպես հայտնի է, նոր ԸՕ–ով Ավանը, Քանաքեռ–Զեյթունը եւ Նոր Նորքը կազմում են մեկ ընտրատարածք: Եվ ռեյտինգային քվեարկությամբ այստեղից պատգամավոր ընտրվելու համար պետք է պայքարեն ավանցի Տարոն Մարգարյանի աներորդին` ներկայում պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը եւ զեյթունցի, ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանը: Քանի որ երկուսն էլ ՀՀԿ–ի կարկառուն դեմքեր են (առաջինի դեպքում, խոսքը, իհարկե, Տարոն Մարգարյանի մասին է) եւ յուրաքանչյուրն իր համայնքում ունի իր` կարելի է ասել, տարիներով ձեւավորված հստակ ընտրազանգվածը, կողմերն ըստ «Փաստի» տեղեկությունների, նախապես համաձայնության էին եկել առ այն, որ միմյանց չեն խանգարելու:

Բայց արի ու տես, որ նախընտրական պայքարի մեկնարկը պաշտոնապես դեռ չտրված, Միհրան Պողոսյանը համաձայնությունը խախտում է: Մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ աշխատել են Տարոն Մարգարյանի, հընթացս նաեւ նրա աներորդու համար ապահովել համապատասխան ձայներ, սահուն կերպով անցել են գեներալի ճամբար: Ընդ որում, Մ. Պողոսյանը կարողացել է իր շուրջը համախմբել մարդկանց, ովքեր եղել են շտաբի պետեր, գիտեն տվյալ թաղն իր ողջ ուղնուծուծով, ունեն որոշակի հեղինակություն: Ավելին, Մ. Պողոսյանն արդեն սկսել է ձեւավորել ոչ պաշտոնական շտաբներ: Իսկ այդ շտաբների պետեր են նշանակվել այն նույն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ղեկավարել են Տարոն Մարգարյանի կամ էլ նրա աներորդու նախընտրական շտաբները: Ընդ որում, այդ շտաբներում արդեն կազմակերպվում են հավաքներ, որոնց Միհրան Պողոսյանն անձամբ է մասնակցում:

Ճամբարը փոխած այդ մարդկանց տրամաբանությունը հստակ է: Ի տարբերություն մյուս համայնքների, որտեղ ՀՀԿ նախընտրական շտաբների պետերը ներքին կարգով, այսպես ասած, աշխատավարձեր են ստացել, Ավանում այդ ամենը արվել է անվճար, հանուն Տարոնի: Երկար տարիներ նրանք աշխատել են ավանցի Տ. Մարգարյանի համար` հույսով, որ մի օր իրենց կատարած ոչ այնքան շնորհակալ գործը կգնահատվի, իրենց վարձահատույց կլինեն: Բայց շատերի ակնկալիքները երեւի չեն արդարացել` ի վերջո, քանի մարդու կարող են աշխատանքի տեղավորել, քանիսին կարող են լավություն անել: Ու շատերը դժգոհ են մնացել:

Հիմա հենց այդ դժգոհների միջոցով էլ Միհրան Պողոսյանը փորձում է իր գործն առաջ տանել: Այս ամենին տարոնականները դեռեւս լուռ, բայց ատամները կրճտացնելով հետեւում են: Թե պատասխան ինչ քայլեր կձեռնարկվեն, դժվար է ասել: Գործը կհարթվի վերեւներո՞ւմ, թե առաջին գիծ դուրս կգան ներքեւները, ցույց կտա ժամանակը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ