Արգենտինայի Բուենոս Այրես գավառի Սան Նիկոլաս շրջանի գրեթե 7 հազար բնակիչներ ստիպված էին իրենց տները լքել ջրհեղեղի պատճառով: Այս մասին հայտարարել է գավառի սոցիալական զարգացման նախարար Սանտյագո Լոպես Մեդրանոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը հաստատել է Լա Էմիլիա բնակավայրում մեկ մարդու զոհվելու փաստը: Աղետի զոհը 54-ամյա տղամարդ է: Իշխանությունների տվյալներով՝ Լա Էմիլիայում ներկայումս լիովին ջրի տակ հայտնված տները լքել են գործնականում բոլոր բնակիչները: Միայն մի քանի տասնյակ մարդ է տարհանվելուց հրաժարվել եւ մնացել իրենց տների տանիքներին:
Նա նշել է, որ իշխանությունները ներկայումս զբաղված են տուժած բնակավայրերում ջրի արտամղմամբ:
Տեղատարափ անձրեւները եւ ջրհեղեղները արդեն ոչնչացրել են սոյայի բերքի մի մասը, որը Արգենտինայի արտահանման հիմնական ճյուղերից մեկն է: Փորձագետների գնահատականներով՝ գյուղատնտեսական հատվածի կորուստները կարող են հասնել 1,75 մլրդ դոլարի: