News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունվարի 17-ին մարզպետի հրամանով աշխատանքից ազատված Կապան բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանը մարզպետի՝ Սյունիքի մարզում բժիշկներին աշխատանքից ազատելու գործընթացը ոչ ադեկվատ քայլ է գնահատում: NEWS.am-ի հետ զույցում Սմբատ Օրբելյանը նշեց, որ առողջապահության վարչության պետն իրեն մեկ շաբաթ առաջ ասել էր, որ աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն, չէր գրել եւ մարզպետի հետ հանդիպում էր պահանջել: Սակայն, հանդիպման փոխարեն հրաման է ստացել՝ հունվարի 17-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

«Մեկ շաբաթ առաջ այդ մասին ասել էր վարչության պետը, ասել էր, որ դիմում գրեմ, ես էլ ասել էի՝ 20 տարվա տնօրենն եմ եւ շատ հաճելի կլիներ, եթե այս ամենը մարզպետի հետ քննարկեի: Ինքն էլ ասաց, որ մարզպետը ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու եւ, եթե ես դիմում չգրեմ՝ շատ վատ բաներ կլինեն: Ես էլ ասացի՝ դիմում չեմ գրի, պահանջում եմ հանդիպում: Երեկ երեկոյան աշխատակազմի ղեկավարը կանչեց իր մոտ աշխատանքային պայմանագիրը ցույց տվեց, հրամանը, որ ամսի 17-ից աշխատանքից ազատվել եմ»,-ասաց նա::

Սմբատ Օրբելյանի կարծիքով, իրեն աշխատանքից ազատելը նաեւ կապված է վերջին ամիսներին բժշկական կենտրոնում գրանցված մայրական մահացությունների դեպքերի հետ:

«Մարզպետը մեր մարզում արդեն մի քանի բժիշկների է ազատել աշխատանքից, հիմա էլ իմ հանդեպ նման որոշում կայացրեց, նույն վիճակն է նաեւ Գորիսի բժշկական կենտրոնում, երեւի բժիշկներին չի սիրում: Գուցե նաեւ վերջերս մեր բժշկական կենտրոնում ծծմբի հոտ եկավ, սատանայի ոտք մտավ եւ մենք 2-3 մայրական մահացության դեպք ունեցանք: Երեւի դա էլ էր առիթ: Բայց մարզպետը չուզեց ընդունել այն փաստը, որ իր հրամանով դեկտեմբերի 19-ից արձակուրդում էի եւ հունվարի 9-ից պետք է աշխատանքի գայի, եւ մեր բժշկական կենտրոնում դեպքերը կատարվել են այդ ժամանակահատվածում»,-ասաց նա:

Սմբատ Օրբելյանը նաեւ տեղեկացրեց, որ հիվանդանոցի աշխատակիցներն այսօր հանդիպել են մարզպետի հետ եւ պահանջել, որպեսզի իրեն աշխատանքից ազատելու հրամանը չեղյալ հայտարարվի. «Գնացել են մարզպետի մոտ, ես ասել եմ, որ անհրաժեշտություն չկա, միեւնույնն է ոչինչ չի փոխվելու: Բայց դե 20 տարվա գործընկերներ են, որոնց հետ աշխատել եմ եւ մարդիկ ընդամենն իրենց մարդկային դեմքն են ցույց տվել իրենց ընկերոջ հանդեպ: Հանդիպել են մարզպետի հետ, ասել է՝ իբր ինձ հետ հանդիպումներ է ունեցել, տեղեկացրել է, որ պետք է ազատի ինձ: Բայց ճիշտ չի ասել, իրեն ադեկվատ չի պահում, բժիշկների նկատմամաբ վերաբերմունքը՝ բոլորին աշխատանքից ազատելու, Երեւանից այլ մարդկանց բերելը, մարզի ազգաբնակչության նկատմամբ մարզպետի ոչ ադեկվատ վերաբերմունք եմ գնահատում: Հիմա իր մոտ բողոքողներին ասել է՝ ստուգումներ կանցկացնենք ձեր բժշկական կենտրոնում, կեսին կպահենք, մնացածին թոշակի կուղարկենք, փորձել է վախեցնել բողոքողներին»:

Կապանի բժշկական կենտրոնի արդեն նախկին գլխավոր բժիշկը դեռ չի որոշել՝ ինչով է զբաղվելու, բայց մեկ բան հաստատ գիտի՝ Կապանի բժշկական կենտրոնում չի աշխատի. «Առայժմ դեռ չեմ որոշել՝ ինչով եմ զբաղվելու, ես բժշկի մասնագիտությունից այնկողմ այլ մասնագիտություն չունեմ, բայց Կապան բժշկական կենտրոնում միանշանակ չեմ աշխատի: Աստված մեծ է, մի դուռ կբացի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանն ազատվել է աշխատանքից, Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ է նշանակվել Կապանի բժշկական ուսումնարանի տնօրեն Ռոման Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 25-ին Կապանի բժշկական կենտրոնում գրանցվել էր նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 26-ամյա Մարինե  Իվանյանի  մահը: Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել էր հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ հաջորդ օրը ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կապանի ԲԿ-ից մեզ հայտնել էին, որ կինը մահացել է արյունահոսության հետեւանքով:

Տպել
Ամենաշատ