News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր՝ հունվարի 18-ին, ընդունել է «Կապանի ԲԿ» բուժանձնակազմին. նշվել են տնօրեն Սմբատ Օրբելյանին աշխատանքից ազատելու պատճառները:

Մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Այսօր՝ հունվարի 18-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին: Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին:

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 17-ին լուծվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի  13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:

Վ. Հակոբյանն իր խոսքում ասել է, որ այսօր ներկայացնելու է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին»:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 25-ին Կապանի բժշկական կենտրոնում գրանցվել էր նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 26-ամյա Մարինե  Իվանյանի  մահը: Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել էր հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ հաջորդ օրը ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կապանի ԲԿ-ից մեզ հայտնել էին, որ կինը մահացել է արյունահոսության հետեւանքով:

Տպել
Ամենաշատ