News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխատանքային խումբը կմշակի բուհերի անձեռնմխելի ֆոնդերի գործառնության սկզբունքները եւ կներկայանի ԿԳ նախարարություն: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 18-ին, Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձեւավորման օրենսդրական նախադրյալների ստեղծման եւ բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ:

ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել  բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ձեւավորման եւ գործառնության միջազգային ու տեղական փորձը, ինչպես նաեւ կիրարկման համար իրավական հիմքերը եւ բուհերի հնարավորությունները: Նշվել է, որ անձեռնմխելի ֆոնդը նվիրատուի պահանջով մշտապես պահպանվող դրամագլուխ է, որը հանդիսանում է բուհի սեփականությունը: Այն ձեւավորվում եւ համալրվում է հանգանակության, նվիրատվության, ժառանգության, դրամաշնորհների, ինչպես նաեւ ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամտի չօգտագործված մասի ֆոնդին փոխանցման արդյունքում: Ֆոնդի ձեւավորման նպատակը բուհի կանոնադրական նպատակների իրականացման եւ կայուն զարգացման ապահովումն է: Ֆոնդի եկամտից ձեւավորված տարեկան մասհանումները նպատակ ունեն հոգալ հաստատության կամ դրա առանձին ծրագրի ծախսերը:

Մասհանումները կարող են օգտագործվել կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, արվեստի, բնապահպանության ոլորտներում` բուհի կամ ֆոնդի կողմից սահմանված սոցիալական, ֆինանսական, նյութատեխնիկական աջակցության եւ զարգացման այլ նպատակներով: Մասնավորապես, տեղաբաշխման ուղղություներ կարող են հանդիսանալ` գիտաշխատողների  դրամաշնորհային աջակցություն, գիտական ծրագրերի ֆինանսավորում, անվանական կրթաթոշակների հաստատում, օժտված ուսանողների ուսման նպատակային ֆինանսավորում, պրոֆեսորադասախոսական եւ վարչական անձնակազմի վարձատրության աջակցություն, հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար արդիական սարքավորումների ձեռքբերում, բուհի նյութատեխնիկական զարգացման աջակցություն, բուհի մշակութային ծրագրերի աջակցություն, գրադարանային ֆոնդերի զարգացման աջակցություն եւ այլն:

Ֆոնդի տարեկան մասհանումները պետք է չգերազանցեն ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ուսումնասիրության արդյունքների հիման վրա աշխատանքային խումբը կմշակի  բուհերի անձեռնմխելի ֆոնդերի գործառնության սկզբունքները՝ քննարկելով ուղղակի շահառուների (բուհեր, բանկեր) հետ եւ դրանք կներկայացնի ԿԳ նախարարության քննարկմանը: Նախարարությունն էլ իր հերթին կապահովի անձեռնմխելի ֆոնդերի ձեւավորման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի (ներառելով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը) ներկայացումը ՀՀ կառավարություն:

Նշենք, որ աշխատանքային խումբը պետք է  ուսումնասիրի նաեւ ուսանողների կրթաթոշակների եւ ֆինանսական աջակցության մոդելները ու նոր սկզբունքների հնարավոր տարբերակները` ներկայիս ֆինանսավորման մեխանիզմների վերանայմամբ (ուսանողական նպաստ, կրթաթոշակ, ընդունելության մեխանիզմներ) եւ դրանց վերաբերյալ ԿԳ նախարարություն ներկայացնի առաջարկություններ՝ անհրաժեշտ իրավական հիմքերով:

Տպել
Ամենաշատ