Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի բնակարաններից մեկում ձերբակալված ԻՊ-ի ահաբեկիչը ոստիկանությունում խոստովանել է իրականացրած հանցանքը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը ասել էր, թե ԻՊ-ից հրահանգ էր ստացել Ամանորի գիշերը գործողություն իրականացնել Թաքսիմի հրապարակում, սակայն խիստ հսկողության պատճառով չի կարողացել։
«Ես կապնվեցի Սիրիայի Ռաքքայում գտնվող ԻՊ-ի հրամանատարի հետ եւ ասացի, որ Թաքսիմում խիստ հսկողություն կա եւ ուղարկեցի նկարները։ Ընդհանուր հայտարարի եկանք, որ պետք է այլ հարմար տեղ փնտրել գործողության համար։ Ես շրջեցի եւ «Ռեյնա» ակումբը հարմար գտա։ Ես կապ հաստատեցի հրամանատարի հետ եւ դրական պատասխան ստանալով՝ գնացի տուն, զենքս վերցրեցի ու եկա «Ռեյնա»,-ասել է ուզբեկ ահաբեկիչը՝ շեշտելով, որ ռազմական ուսուցում է անցել Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» ճամբարներում։
Նշենք, որ «Ռեյնա» գիշերային ակումբում Ամանորի գիշերն իրականացված հարձակման ժամանակ սպանվել է 39 քաղաքացի, որոնց մեջ մեծ թիվ են կազմել Սաուդիան Արաբիայի ու Քաթարի քաղաքացիները։