News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի սահմանին զինվոր է զոհվել: Հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Նա Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր, ընտանիքի կրտսեր որդին, իրենից ավագ երկու եղբայր ունի:

Անդրանիկը 5 ամիս անց զորացրվելու էր: Արցախի նախագահի հրամանագրով Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ադրբեջանի զինված ուժերը հունվարին միտումնավոր են գնդակոծել սահմանամերձ Չինարի գյուղը: Սա են փաստում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք աշխատանքների արդյունքները: Դրանք վկայում են, որ հակառակորդի գնդակոծման թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ տները, մանկապարտեզի եւ դպրոցի շենքերը: Արման Թաթոյանը փաստում է. գյուղի մոտակայքում զորամասեր չկան, ինչով ադրբեջանական կողմը, թերեւս, կկարողանար «բացատրել» իր ագրեսիան: 

Հաջորդ շաբաթ օմբուդսմենը Ստրասբուրգ է մեկնելու: Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու է կատարված ամբողջ աշխատանքը՝ փաստերով: Գնահատականների եւ արձագանքի առումով որոշակի ակնկալիքներ ունի, բայց այդ մասին հիմա խոսելը կոռեկտ չի համարում:  

Նախագահը համոզված է, որ մարդկության բոլոր չարիքների արմատը տգիտության մեջ է, եւ ուզում է, որ մեր երկրում այդ չարիքը վերանա: Կրթության նախարարի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդունել է, որ հանրակրթության ոլորտում, այո՛, տեսանելի, հաճախ նաեւ ոգեւորիչ ձեռքբերումներ կան, բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Նախագահին չի բավարարում նաեւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացը. այն ամբողջությամբ պետք է փոխվի: 

Սերժ Սարգսյանի ցանկությունն է նաեւ, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանում ունենանք բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք տեղ կգրավեն աշխարհի բուհական քարտեզի վրա: Այդ նպատակով նախարարին հանձնարարել է մասնագիտական խումբ ձեւավորել: Այն վեց ամիս ժամանակ է ունենալու՝ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթներ ներկայացնելու համար:

Նախագահին այսուհետ խորհուրդներ կտա նաեւ նախկին գլխավոր դատախազը: Գեւորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանի խորհրդական է նշանակվել: Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնից Կոստանյանը հրաժարական է տվել անցյալ տարվա հուլիսին, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առողջական խնդիրների պատճառով: Հրաժարականից կարճ ժամանակ անց մամուլում լուրեր հրապարակվեցին, որ նա նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում՝ փոխարինելով Յուրի Վարդանյանին:

Երեւանում այսօր մեկնարկել ու կարճ ժամանակ անց ավարտվել է ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու դաժան սպանության գործով դատավարությունը: Նիստերի դահլիճը բազմամարդ է եղել, ամբաստանյալների հարազատներից ու ընկերներից շատերը ստիպված են եղել կանգնած հետեւել նիստի մեկնարկին: Այն, սակայն, ամբաստանյալներից երկուսի պաշտպանների չներկայանալու պատճառով հետաձգվել է: Հիշեցնենք, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին Նուբարաշենի խճուղում դաժանաբար ծեծելով սպանելու մեջ 5 երիտասարդ է մեղադրվում:

Բռնաբարության փորձ Կապանի բուժհաստատությունում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախօրեին անեսթեզիոլոգը փորձել է բռնաբարել 19-ամյա հիվանդին: Մեր թղթակցի հետ զրույցում բուժկենտրոնից տեղեկացրել են, որ լսել են նման բան, բայց չեն կարող վստահաբար հաստատել: Բժշկուհիներից մեկն էլ նշել է, որ քննություն է կատարվում, բայց մանրամասներ չի կարող հայտնել: Հիվանդանոցում նաեւ խուսափում են նշել բուժաշխատողի անունը, սակայն, ըստ տեղեկությունների, խոսքը 53-ամյա անեսթեզիոլոգ Անուշավան Կարապետյանի մասին է: Նա Երեւանից է, Կապանի բուժկենտրոնում աշխատում է պայմանագրային հիմունքներով:

Երեւանի շենքերից մեկի 12-րդ հարկի բնակարանից 34-ամյա տղամարդ է ցած նետվել: Այդ մասին ոստիկանությանն ահազանգել է ինքնասպանություն գործածի եղբայրը:

Նա Իջեւանի բնակիչ Դավիթ Մելքումյանն է, «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ընկերության տնօրենը: Մելքումյանն ամուսնացած էր: Երկու երեխա ունի, շուտով երրորդ զավակն էր լույս աշխարհ գալու: Նախնական տվյալներով՝ նա Երեւան էր եկել նախօրեին, բժշկական հետազոտման ենթարկվելու նպատակով: Նա ցած է նետվել եղբորը պատկանող բնակարանի հյուրասենյակի պատուհանից: Քրեական գործ է հարուցվել:

Խոշոր վթար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին: Զոդի կամրջի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Mercedes» մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով 6 քաղաքացի է տուժել, այդ թվում՝ 3 անչափահաս: Տուժածներից 5-ին, այդ թվում՝ 3 տարեկան երեխայի, տարբեր մարմնական վնասվածքներով Երեւան են տեղափոխել:

Հունիսին Արցախում ծանր վիրավորված Ալբերտ Դալլաքյանը նորից տառերն է սովորում: Երիտասարդի հիշողությունը դեռեւս չի վերականգնվել, նա շատ նյարդային է, անընդհատ գլխացավեր է ունենում: Ալբերտը գարնան վերջին գլխի պլաստիկ վիրահատության կենթարկվի: Զինծառայողը գլխի շրջանում վիրավորում է ստացել հունիսի 24-ին: Դեպքից հետո պարզվել է. ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Նրան մեղադրանք է առաջադրվել: Հավելենք, որ Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է: Նա Ռուսաստանից վերադարձել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: Որդու վիրավորվելուց հետո ծնողները նույնպես Երեւան են վերադարձել:

Բողոքելու հերթը հասավ «Փոքր Մհեր»-ի ուսուցչական կազմին: Դժգոհում են. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում դասերն արդեն սկսվել են, բայց «Փոքր Մհեր»-ի ուսուցիչներից ոչ մեկին չեն կանչել աշխատանքի: Կրթահամալիրի ֆիզիկայի ուսուցիչ Մանվել Ալեքսանյանն ասում է՝ իրենց խաբեցին, գործազուրկ են մնացել, իսկ «Փոքր Մհեր»-ի սաների մի մասն այդպես էլ չի գնացել վարժարան: Ուսուցիչների մոտ տպավորություն է, որ «Մոնթե Մելքոնյան» վարժարանին միայն կրթահամալիրի բյուջեն ու աշակերտներն էին պետք: Ավելի վաղ «Փոքր Մհեր»-ի ավագ մասնաճյուղի սաները, ծնողներն ու ուսուցիչները միավորման դեմ բողոքել էին պաշտպանության եւ կրթության նախարարներին:

Հունվարի 18-ին դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ, ֆունտը մոտեցել է 600 դրամի սահմանին: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 520, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 599 դրամ:

Հունվարի 19-ին հանրապետության շրջանների մեծ մասում թույլ ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը թույլ ձյուն է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10-12, իսկ վաղը ցերեկը՝ -7-9 աստիճան ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ