News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը տեղի ունեցավ այսօր` հունվարի 18-ին, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների ու տարածքային մարմինների աշխատանքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով` որակական փոփոխություններ են կրել ճանապարհային ոստիկանների քաղաքացիների հետ շփման ձեւը ու կեցվածքը:

«Փոփոխություն կա ճանապարհային ոստիկանությունում: Քաղաքացիների հետ շփման ձեւը, կեցվածքը որակական փոփոխություն են ապրել: Զորքերի աշխատանքից կազմակերպվածությունից, մասնագիտությանը տիրապետելուց ես շատ գոհ եմ եւ շատ բարձր եմ գնահատում: Մենք ունենք պատվախնդիր, կայացած, մասնագիտացված, նվիրված ոստիկանական զորքեր: Շատ դժգոհ եմ 2–րդ գումարտակից եւ նրա աշխատանքից, հատկապես սահմաններ տանող ճանապարհներին »,- ասել է նա:

Հաշվետու զեկույցով է հանդես եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը (ՀՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին:

Հունան Պողոսյանը նշել է, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 01.01.2016թ.-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 10,1%-ով: Ընդ որում, աճի շուրջ 80,0%-ը կազմում են հենց այդ դեպքերը, իսկ մնացածը պայմանավորված է առավել լատենտային համարվող ապօրինի պահվող զենք-զինամթերքի եւ թմրամիջոցների հետ կապված հանցագործության դեպքերի հայտնաբերման թվի աճով:

Նրա խոսքով, հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է ընդհանուր՝ 2,8%-ով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7,5%-ով եւ ծանր հանցագործություններով՝ 6,3%-ով (47,9%-ից 54,2%):

2016թ.-ի ընթացքում արձանագրված 66 սպանության դեպքերից բացահայտվել է 75,8%, ինչը 4,6%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ չբացահայտված սպանությունների 62,5%-ն անհայտ կորչելու դեպքեր են, որոնց հանգամանքները պարզելու, ինչպես նաեւ որոնողական աշխատանքներն առավել ընդգրկուն եւ օպերատիվ կազմակերպելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրանք նախնական որակվում են որպես սպանություն:

Հաշվետու տարում 45,2%-ով աճել է նախկին տարիներին կատարված եւ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված հանցագործությունների բացահայտման թիվը:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում (69-65), աճել է ինչպես դրանց բացահայտման արդյունավետությունը (81,2%-ից 87,7%), այնպես էլ 119-ով կամ 19,5%-ով զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (610-729):

Ճանապարհային ոստիկանությունը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումները, ինչի արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 196-ով, զոհերինը՝ 80-ով եւ վիրավորներինը՝ 286-ով:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է նաեւ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական փուլում եւ բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության խնդիրներն ու գործառույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ