News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Իսրայելի խորհրդարանում ունեցած իր հանդիպումների ժամանակ ծանոթացել է Կնեսետի փորձին՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի առանցք:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իսրայելի Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

Կնեսետում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին երկու տարիներին բարեկամության խմբերի նախաձեռնությունները, տիկին Պլոսկովի ղեկավարած պատվիրակության՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստան կատարած երկու այցերի արդյունքները, ինչպես նաեւ բարեկամության խմբերի կողմից Երեւանում հիմնադրված Հայաստան-Իսրայել միջազգային ֆորումի օրակարգային հարցերը: Կողմերը կարեւորել են ֆորումի դերը միջխորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ երկու հասարակությունների միջեւ գործարար հարաբերությունների ձեւավորման, միջմշակութային կապերի աշխուժացման, տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, առողջապահության եւ մի շարք համատեղ հումանիտար ծրագրերի իրականացման գործում: Կողմերը հույս են հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունների եւ շփումների ակտիվացումը դրականորեն կանդրադառնա նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման վրա: Հայկական կողմը կարեւորել է նաեւ երկու պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների փոխայցերը: Քննարկվել են տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության ապահովման հետ կապված հարցերը:

Այնուհետեւ հայկական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի միջմշակութային փոխանակումների հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող կոալիցիայի ղեկավար, Լիկուդ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Դավիդ Բիտանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Կնեսետի խորհրդարանական կառավարման համակարգի մի շարք առանձնահատկություններ եւ Կնեսետի փորձը՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի առանցք: Քննարկվել են նաեւ մշակութային փոխանակման եւ երիտասարդների շրջանում արվեստի տարբեր ոլորտների խրախուսման ծրագրեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ մշակութային տուրիզմի զարգացման հնարավորություններին:

Օրվա ավարտին հայկական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի իշխող կոաիցիայի Կուլանու կուսակցության ներկաացուցիչ, պատգամավոր Էլի Կոենի հետ: Պարոն Կոենը նշել է, որ պատասխանատու է տնտեսական եւ գործարար հարաբերությունների համար եւ պատրաստվում է ստանձնել Իսրայելի Պետության Էկոնոիկայի նախարարի պարտականությունները: Հայկական պատվիրակությունը հանդիպման ընթացքում ներկայացրել է մի շարք ոլորտներում համագործակցության առկա ներուժը՝ կարեւորելով գործարար կապերի ակտիվացման եւ ներդրումային միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է նախորդ երկու օրերի ընթացքում գործարար ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները, դրանցում արծարծված մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական զարգացման եւ ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները:

Հադիպման ընթացքում զրուցակիցների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն մի շարք նախագծերի վերաբերյալ գործնական քննարկումներ կազմակերպելու մասով: Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո Էլի Կոենը գործնական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ գործարար կապերի աշխուժացման ուղղությամբ՝ վստահեցնելով, որ բարեկամական խորհրդարանական խմբերն իրենց լիազորությունների շրջանակում կաջակցեն ոլորտի բոլոր նախաձեռնություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ