Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 19-ին, ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:
Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորելով համագործակցությունը պաշտպանության ոլորտում, կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ անվտանգության եւ պաշտպանության բնագավառում Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: