Արցախում կրտսեր սերժանտի կողմից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հողրեղբայրը` Ստեփան Սարգսյանը:
«Վիճակը շարունակում է մնալ ծանր: Վիրահատությունից հետո Գուրգենը դեռ գիտակցության չի եկել, ոչ մի փոփոխություն չկա»,-ասաց նա:
Ստեփան Սարգսյանը նշեց, որ Գուրգենի հարազատները Ստեփանակերտի հոսպիտալում են:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: