News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի է ունեցել «Դար տեւած ցեղասպանություն: Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուի շնորհանդեսը: Այն Բաքվում հայերի ցեղասպանությունը վերապրածների մոտ 50 հարցազրույց է ներառում: Ժողովածուն պատրաստվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» ծրագրի շրջանակներում:

Շնորհանդեսը նվիրված է Բաքվի ողբերգական իրադարձությունների 27-րդ տարելիցին, որոնց ընթացքում հարյուրավոր հայեր են զոհվել: Հունվարի 13-ից մինչեւ 19-ը գազանացած հանցագործները հայերին սպանել են, մորթել, հրկիզել, բռնաբարել եւ կողոպտել: Խորհրդային զորքը Բաքու է մտել միայն հունվարի 20-ին: Վերջին հանգամանքը ադրբեջանական քարոզչամեքենան շահարկում է, սակայն լռում է զորք մտցնելու պատճառների մասին: 

Հունվարի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ զոհված հայերի հիշատակի լռության րոպեից հետո նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը հայտնեց, որ ժողովածուն ստեղծելու համար բազմաթիվ հարցազրույցներ են անցկացվել ԱՄՆ-ում ապրող  ողբերգության վկաների՝ Բաքվից փախած հայերի հետ: Եթե Սումգայիթի ողբերգության դեպքում ինչ-որ դատավարություններ եղան, փաստաթղթեր կան, ապա Բաքվի ցեղասպանության դեպքում նույնիսկ սպանվածների ճշգրիտ թվի տվյալներ չկան: «Ելնելով եղած փաստաթղթերից՝ եղել է  500-600 սպանված»,- նշեց Մարինա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հարցազրույցով նոր տեղեկություններ են հաղորդվում: «Պարզվել է, որ 90 թվականի հունվարից հետո հայերը Բաքվում որպես պատանդ էին պահվում: Առկա է մի կնոջ սարսափազդու վկայություն, որն այժմ ԱՄՆ-ում է բնակվում, նա գամված է անկողնուն, եւ բժիշկները կարծում են, որ առողջական խնդիրները նրա վերապրածի հետեւանքն են: Նա մեկ տարի պատանդ է եղել: Նրան հրաշքով է հաջողվել փրկվել»,- նշեց Մարինա Գրիգորյանը: Նրա տեղեկություններով՝ Բաքվից լաստանավով փախած մի քանի վկաներ պատմել են, որ մարդկանց լաստանավից Կասպից ծովն էին գցում: «Եթե անգամ քրեական գործեր հարուցվել են, դրանք թաղվել են ադրբեջանական արխիվներում, ինչը վկայում է դրանք «վերեւից» կազմակերպելու մասին»,- նշեց ծրագրի ղեկավարը:

Մարինա Գրիգորյանը նշեց, որ ժողովածուի երկրորդ հատորն է պատրաստվում, որի մեջ 60 հարցազրույց կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ