News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան: Վարչապետը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին եւ ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաեւ հասարակության համար: Վարչապետը եղել է նաեւ ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք եւ Մարի Մանուկեան» սրահում, լաբորատորիաներում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքներով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը հանդիպել է համալսարանի ուսանողներին եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ տպավորված է Ամերիկյան համալսարանով, այստեղ իրականացվող ուսումնառությամբ եւ ավելացրել, որ բուհի ղեկավարության հետ քննարկել են կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, Ամերիկյան համալսարանի հետագա գործունեությանը, այստեղ առկա մթնոլորտը հայաստանյան մյուս բուհերում եւս ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր: «Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր եւ չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձեւակերպել եմ հետեւյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան: Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհահայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Մենք դա կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք: Այդ առումով, կրթական համակարգին մեր կառավարությունը ցուցաբերելու է մաքսիմալ ուշադրություն: Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ եւ մաղթում հաջողություններ, որ այստեղ առկա միջավայրը, մթնոլորտը տարածվի ամբողջ երկրով»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի եւ կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: «Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձեւավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որեւէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը՝ ավելացնելով, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը: «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաեւ մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է եւս կապիտալիզացնել: Այդ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Խոսելով հայաստանյան կրթական համակարգն արտասահմանցի ուսանողների համար գրավիչ դարձնելու հարցի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա համար պետք է մեր երկրի կրթական համակարգը լինի ժամանակակից եւ ակտուալ: «Մեզ մոտ կրթվելու առաջին գրավականը լավ կրթական համակարգն է եւ դա նախեւառաջ կարեւոր է հենց մեր զարգացման համար: Եթե կարողանանք օրենսդրական, ենթակառուցվածքների դաշտն այնպես դարձնել, որ օտարերկրյա մարդն իրեն ապահով զգա Հայաստանում, այդպես էլ կլինի: Դրա համար պետք է քրթտնաջան աշխատել: Իսկ հավատո՞ւմ եմ ես այդ գաղափարին՝ միանշանակ: Ավելին, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ