News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ եւ հանդիպել խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները եւ լուծման ուղիները: Կարեն Կարապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 100-օրյա գործունեության արդյունքներն ու անելիքները: Վարչապետը կարեւորել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, որի նպատակը պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումն է:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ ներդրումային ծրագրերին եւ նշել, որ առաջիկայում գերատեսչությունները կներկայացնեն ակնկալվող ներդրումային ծրագրերի փաթեթներ: «Մյուս շաբաթ ամփոփելու ենք մեր բոլոր ներդրումային ծրագրերը, նախարարները, գերատեսչությունների ղեկավարները հաշվետվություն են տալու հանրությանը, ներկայացնելու են, թե ի՞նչ ներդրումային ծավալներ կան, ի՞նչ ծրագրեր եւ ուղղություններ: Ինչ վերաբերում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին, ապա մինչեւ մարտ որոշակի ծրագրերի, բարեփոխումների վերաբերյալ ամփոփ տեղեկություն արդեն կունենանք: Շատ մեծ հույսեր ունենք կապված այդ կենտրոնի հետ»,-ընդծել է վարչապետը:

Անդրադառնալով տեղական արտադրության խրախուսման մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանձնարարվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն ուսումնասիրել ներմուծման կառուցվածքը եւ քննարկել ներմուծումը տեղական մրցունակ արտադրությամբ փոխարինելու հնարավորության հարցը:

Հանրային խորհրդի նախագահ Վազեն Մանուկյանը մեր երկրի զարգացմանը խոչընդոտող մի շարք գործոններ է առանձնացրել, նշելով որոշ փակ սահմանների առկայությունը, չավարտված պատերազմը, ներքին հոգեբանության ու մտածելակերպի մեջ արմատացած կարծրատիպերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդծել է, որ հոգեբանության ու մտածելակերպի փոփոխությունը գլխավոր խնդիրներից մեկն է, եւ կառավարության հիմնական նպատակն է ունենալ կրթված, ինտելեկտուալ եւ գրագետ հասարակություն: «Մենք պետք է ունենանք կիրթ, գրագետ քաղաքացի եւ բիզնեսմեն, գրագետ ֆերմեր եւ զինվոր»,- շեշտել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաեւ խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող եւ մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ ու ներկայացրել իր մոտեցումները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կրթության եւ գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպահպանության ոլորտներին եւ բանկային համակարգին վերաբերող հարցեր: Գործադիրի ղեկավարն առաջարկել է ներկայացնել բոլոր բարձրացված խնդիրների վերաբերյալ հստակ լուծումներ, իսկ առաջարկների դեպքում՝ կրկին հանդիպել եւ լրացուցիչ քննարկել:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհուրդը պատրաստ է աջակցել կառավարությանը բոլոր նախաձեռնություններում, որոնք բխում են երկրի եւ հանրության շահերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ