News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ:

Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել հավաքի մասնակիցներին, որում շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին հետաքրքիր քննարկումներ կազմակերպելու համար եւ կարեւորել նման հավաքներն ու տարբեր խնդիրների շուրջ քննարկումները, որոնք Նախագահի համոզմամբ, լավագույն միջոցներից են ձեռքը մշտապես հասարակության զարկերակին պահելու համար:

«Կարծում եմ՝ դուք տեղյակ եք, որ ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ: Տարեկան առնվազն հինգ-վեց հանդիպում եմ ունենում տարբեր կատեգորիաների հետ. հանդիպում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ արձանագրած երիտասարդների, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակներին արժանացածների, ժամկետային զինծառայողների, դպրոցը գերազանցությամբ ավարտած եւ ոսկե մեդալների արժանացած երիտասարդների, երիտասարդ գիտնականների, մարզիկների, բուհեր այցելության ժամանակ հանդիպում եմ ուսանողների հետ եւ, իհարկե, հանդիպում եմ իմ կուսակից երիտասարդների հետ:

Կարծում եմ, որ սա շատ ճիշտ մոտեցում է եւ ձեռքը հասարակության զարկերակին պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետեւ երիտասարդների աչքը սուր է, նրանք էմոցիոնալ են, անմիջական են, նրանց բարձրացրած հարցերը, միգուցե, որոշ մարդկանց դուր չեն գալիս կամ էլ այդ մարդիկ այդ հարցերը կարեւոր չեն համարում, բայց ես խորապես համոզված եմ, որ այդ հարցերը առնվազն ապագայի օրակարգային հարցեր են: Այդ հանդիպումների ժամանակ, փա՛ռք Աստծո, ես տեսել եմ բազմաթիվ լուսավոր եւ վառ անհատականությունների: Տեսնում եմ, որ երիտասարդներն ավելի հեշտ են կարողանում միավորվել, ընդհանուր հետաքրքրություն գտնել եւ փորձել լուծել այդ խնդիրները: Սա չափազանց կարեւոր հանգամանք է:

Անհատական խաղը միշտ եղել է մեր ժողովրդի, մեր ազգի ուժեղ կողմերից մեկը: Թիմային խաղում մենք շատ դեպքերում կաղացել ենք, թեեւ այդպիսի բազմաթիվ օրինակներ կան՝ «Արարատ 73»-ից սկսած մինչեւ տարբեր ռազմաճակատներում կռվելը, մինչեւ մեր շախմատի հավաքականը, բայց, այնուհանդերձ, մենք միշտ, իրոք, կաղացել ենք թիմային խաղում: Սակայն շատ կարեւոր է, եւ ես տեսնում եմ փոփոխություն այս հոգեբանության մեջ, դուք պետք է լինեք առաջամարտիկը, եւ մենք պետք է կարողանանք միասնական ուժերով հանդես գալ:

Ես բառացիորեն երեկ Դիլիջանում հանդիպել եմ 2016թ. զորացրված զինվորների հետ: Զինվորներ եմ ասում, որովհետեւ նրանք չեն համարում, որ իրենց պարտքը կատարել են եւ վերջ: Նրանք համարում են, որ իրենց ընկերները մնացել են այնտեղ, համարում են, որ դեռեւս մեր անվտանգության խնդիրները, մեր ազգային խնդիրները լուծված չեն, եւ պատրաստ են ցանկացած պահի միանալ իրենց ընկերներին: Նրանց աչքերում ես տեսա ոգի, նրանք ավյուն ունեն, համարձակ են եւ հաստատակամ: Անկասկած, մենք շատ հանգիստ խղճով կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Փայլուն տղաներ են եւ որ չափազանց կարեւոր է՝ նրանք պատրաստակամ են նույն ոգով լծվել նաեւ քաղաքացիական կյանքում եղած խնդիրները հաղթահարելու գործին:

Ես վստահ եմ, որ այստեղ ներկաներն էլ այդպիսի տրամադրությամբ են տոգորված, որովհետեւ ձեր հակիրճ ընդհանրացումներն իրոք ինձ ոգեւորեցին: Ես տեսնում եմ լրջությունը, տեսնում եմ, որ այս հավաքը ձեւական եւ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու հավաք չէ: Սա ընդհանուր գաղափար տեսնելու, խնդիր լուծելու հավաք է, ինչը, իհարկե, ինձ ոգեւորում է: Երիտասարդները, մեկ անգամ եւս կրկնում եմ, որ շատ կարեւոր խնդիր ունեն՝ այս մոտեցումը, այս գիտակցումը հասցնել բոլորին: Երիտասարդների աչքը սուր է, միտքը պայծառ է, երիտասարդներն ինչ-որ անում են՝ անում են առաջին հերթին իրենց համար, որովհետեւ ապագան իրենցն է: Եվ այս առումով, որքան արդյունավետ լինի ձեր աշխատանքը, այնքան ձեր օգուտն է:

Երիտասարդների ձայնը շատ հնչեղ է մեր հանրության մեջ: Նրանց մեր շատ պատասխանատու պաշտոններ եւ պարտականություններ են տրված: Խոսում ենք Նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին՝ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին, մենք ունենք երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյան, ունենք Գեորգի Կուտոյան՝ Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ տնօրեն, ունենք արդարադատության երիտասարդ նախարար՝ Արփինե Հովհաննիսյան: Սրանք ոլորտներ են, որոնք ուղղակի կենսական անհրաժեշտություն են մեր պետության եւ ժողովրդի համար: Մենք պետք է նրանց բոլորին սատարենք, պետք է իրար սատարենք, որովհետեւ նրանց հաջողությունը մեր ընդհանուր ձեռքբերումներն են, մեր ժողովրդի հաջողություններն են: Սրանք օրինակներ են, որոնք ապագայում պետք է բազմապատկվեն:

Մենք այս տարի թեւակոխել ենք մեր պետականության, մեր հանրապետության երկրորդ 25-ամյակը: Այն իր արդյունավետությամբ պետք է մի քանի անգամ գերազանցի առաջին 25-ամյակին, որովհետեւ դրա համար բոլոր նախադրյալները կան: Եվ այս առումով, մենք ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նպատակ ունեինք մեր երկրում բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը: Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարեւոր, լինելու են շրջադարձային:

Ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների: Մենք առանց լուրջ փոփոխությունների չենք կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է մեր ժողովուրդը, որին ձգտում ենք մենք բոլորս, եւ որի համար մենք պատրաստ ենք շատ բան անելու: Եկեք այդ շատ բանը փոքր-ինչ մանրամասնենք եւ ասենք, որ առանց երիտասարդության ակտիվ մասնակցության, առանց նրանց ավյունի, առանց նրանց համարձակության, առանց ուսյալ երիտասարդների ու արդարամիտ մարդկանց, մենք չենք կարող հասնել լուրջ հաջողությունների: Ուրեմն՝ մենք պետք է այս ուղղություններով աշխատենք, տքնենք, չարչարվենք, հասնենք հաջողության:

Մենք փոքր ենք թվաքանակով, ուստի պետք է շատ ուշադիր լինենք իրար նկատմամբ, պետք է հարգալից լինենք, հանդուրժող լինենք: Չի կարելի բզկտել մեր ժողովրդին եւ չի կարելի մարդկանց հանել իրար դեմ: Մեզ պետք է միավորի մեր ընդհանուր գաղափարը, այլ ոչ թե՝ ինչ-ինչ անձնական շահեր կամ քաղաքական նկրտումներ:

Ակնհայտ է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, մեզնից յուրաքանչյուրն ունի ընկերներ, ծնողներ, երեխաներ … Սա հասկանալի է, եւ որեւէ մարդ առանց ընկերոջ, կարծում եմ, լիարժեք մարդ չէ: Բայց որպեսզի քո շրջապատի կյանքը լավ լինի, պետք է լավ լինի բոլորի կյանքը: Դրա համար բոլորս պիտի շահագրգռված լինենք ընդհանուր բարեկեցության մեջ:

Ուզում եմ այսպիսի ցանկությամբ եզրափակել ելույթս:

Ուզում եմ մեկ անգամ եւս ձեզ խրախուսել եւ շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Գիտեք՝ ամենակարեւոր բանն այն է, որ երիտասարդը լինի ակտիվ եւ ունենա դիրքորոշում: Պետք է ունենալ քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի ապրել բարեկեցիկ հասարակության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ