4 օրում Երեւան քաղաքում ստուգվել է 58 բենզալցակայան: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 23-ին, Հայաստանի ԱԻՆ-ում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների եւ ընթացիկ աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 121 դեպքի: Մ. Ղազարյանը նշեց նաեւ, որ ծառայության մարզային ստորաբաժանումները ներկայացնում են 2016թ.-ի կատարված աշխատանքների ամփոփումը, արդեն 4 մարզում անցկացվել են հաշվետու նիստեր եւ այս շաբաթ նույնպես կշարունակվեն զեկույցները:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ 4 օրվա ընթացքում Երեւան քաղաքի 58 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Կազմված արձանագրությունների վերաբերյալ փետրվարի 1-ից կմեկնարկեն քննարկումներ, որոնց ընթացքում արդեն կորոշվի, թե ինչ վարչարարություն կիրականացվի: