Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով երեկ՝ հունվարի 22–ին, ուշ երեկոյան զոհված պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանն Արցախի Մարտունի քաղաքից էր, մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել։
NEWS.am–ին մարտունեցիները հայտնեցին, որ 22–ամյա Կարենը բազմազավակ ընտանիքից էր, Ուլուբաբյանները սոցիալապես անապահով են։
Ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 22–ամյա Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: